3 նոյեմբերի 2012 - 17:36 AMT
Տեղի ունեցավ «Սալվադոր ֆեստ» մտքի փառատոնի եզրափակիչ փուլը

Նոյեմբերի 3-ին տեղի ունեցավ «Սալվադոր ֆեստ» մտքի փառատոնի եզրափակիչ փուլը։ Մտքի փառատոնը տարբեր բուհերի մարքեթինգային (PR/գովազդ/բիզնես) ամբիոնների ուսանողների և երիտասարդ մասնագետների համար նախատեսված ծրագիր է, որի նպատակն է բացահայտել մարքեթինգի, PR ոլորտներում ստեղծարար և ինքնատիպ մտքեր ունեցող երիտասարդներին:

Փառատոնը կազմակերպել էին Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և Մարքեթինգի հայկական ակումբը։ Չորսշաբաթյա աշխատանքների ընթացքում ուսանողական թիմերը կազմել և պրոֆեսիոնալ ժյուրիի հետ քննարկել էին իրենց նորարարական առաջարկները PR-ի, գովազդի և բիզնեսի ոլորտներում։

Լիլիթ Սարգսյանը մտքի փառատոնի առաջին մրցանակակիրներից է, սովորում է ֆրանսիական համալսարանի մարքեթինգի ֆակուլտետի 3-րդ կուրսում։ Նրան հատուկ մրցանակ էր սահմանել նաև Tesl Edu լեզուների ուսուցման կենտրոնը։ Կենտրոնի ղեկավար Սոնա Մարտիրոսյանը Լիլիթ Սարգսյանին բիզնես անգլերենի դասընթացների մասնակցության հնարավորություն շնորհեց։ Լիլիթը նշեց, որ մտքի փառատոնին մասնակցելն իրեն առաջին հերթին ինքնավստահություն է տվել, սեփական ուժերին հավատալու հաստատակամություն։

Շնորհավորելով մրցանակակիրներին՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը նշեց, որ մտքի փառատոնն իր ձևաչափով նորություն է հայկական իրականության մեջ։ «Այս ծրագրի միջոցով բացահայտվեցին հետաքրքիր, ստեղծարար մտքեր ունեցող շատ երիտասարդներ։ Մենք հոգնել ենք այն միջոցառումներից, որոնց սցենարները նախապես գիտենք։ Մտքի փառատոնն իր բովանդակությամբ, անակնկալներով, բացահայտումներով թարմություն է մտցնում։ Նման միջոցառումները շատ կարևոր են երիտասարդների համար. դրանք հնարավորություն են մտքերը գեներացնելու, գաղափարները ներկայացնելու և մրցունակ դարձնելու»,- նշեց Կարեն Ավագյանը։

Մտքի փառատոնում ընտրված լավագույն գաղափարների հեղինակներն առաջիկայում կհանդիպեն և իրենց ծրագրերը կներկայացնեն պետական բարձրաստիճան պաշտոնյաներին, գործարարներին, հայտնում է Երիտասարդական հիմնադրամի մամուլի ծառայությունը։