3 նոյեմբերի 2012 - 18:11 AMT
Դերենիկ Դումանյան. Ի՞նչ անենք, որ բժիշկ-հիվանդ նախկին փոխվստահությունը վերականգնենք

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը երեկ աշխատանքային այցով Լոռու մարզում էր։ Այս մասին PanARMENIAN.Net-ը տեղեկանում է Առողջապահության նախարարությունից:

Դերենիկ Դումանյանը Վանաձորում հանդիպել է մարզի բժշկական հաստատությունների ներկայացուցիչների հետ, ներկայացրել երկու շաբաթ առաջ Կառավարության հաստատած ծրագիրը, նախագահի և վարչապետի ուշադրության արդյունքում նախարարությունում տեղի ունեցող բարեփոխումները:

«Կառավարման, ֆինանսավորման և կառուցվածքային շատ հարցեր արդեն սկսել ենք բարեփոխել։ Իմ պաշտոնավարման հենց սկզբից ասել եմ, որ մարզերի առողջապահական համակարգի զարգացումն իմ առաջնահերթ խնդիրներից մեկն է։ Իսկ միայն բժշկական նորագույն կենտրոններ կառուցելով խնդիրը չենք կարող լուծել։ Պիտի կարողանանք մարզային այդ հիվանդանոցներում ծառայություններ զարգացնել, որ հիվանդները չգնան Երևանում բուժվելու»,- ասել է նախարարը:

Դերենիկ Դումանյանը տեղեկացրել է, որ 2013 թվականի բյուջեով կփոխվի պետպատվերով իրականացվող հիվանդանոցային բուժօգնության համար տրամադրվող միջոցների համամասնությունն` ի օգուտ մարզերի։ Եթե նախկինում ֆինանսավորման 70 տոկոսը կենտրոնացել է մայրաքաղաքում, ապա եկող տարի համամասնությունը կլինի 60-40%` հաշվի առնելով Երևանում նեղ մասնագիտական և երրորդ մակարդակի կլինիկաների առկայությունը։

Մարզերում 10 տոկոսով կավելանա նաև պոլիկլինիկական ծառայության ֆինանսավորումը։ 2013-ին մարզային կտրվածքով կտեղայնացվեն ծննդօգնության և երեխայի պետական հավաստագրերը։ Զուգահեռաբար ուղեգրման հստակ չափորոշիչներ են մշակվում։ Կամրագրվի բուժանձնակազմի նվազագույն աշխատավարձը։

«Որպես նախարար ես պարտավոր եմ այնպիսի մեխանիզմներ ապահովել, որ եղած միջոցներն արդյունավետ կառավարվեն։ Ոչ թե փոշիանան չհիմնավորված մեծ տարածքների պահպանման և բարձր գներով դեղերի ձեռքբերման վրա, այլ առաջին հերթին ուղղվեն որակյալ ծառայության ապահովմանը և բուժաշխատողների վարձատրմանը։ Երկրի ղեկավարն իրավացիորեն նշեց, որ բնակչության մեկ երրորդը դժգոհ է առողջապահության համակարգից։ Դուք էլ փորձենք հասկանալ, թե որտե՞ղ է մեր բացթողումը։ Ի՞նչ անենք, որ բժիշկ-հիվանդ նախկին փոխվստահությունը վերականգնենք։ Մենք պիտի հասնենք նրան, որ բժշկին չհետաքրքրի հիվանդը վճարելու է, թե պետպատվերով է ստանալու իր բուժումը», - ասել է Դերենիկ Դումանյանը: