28 ապրիլի 2005 - 11:10 AMT
ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՉՊԵՏՔ Է ՀԱՐԱՏԵՎ ԼԻՆԻ
«Ես ոչ մի րոպե թույլ չեմ տալիս այն միտքը, որ Դեւիդ Աթկինսոնի` Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ զեկույցն ինչ որ մեկի համար կարող է բռնության իրականացման առիթ հանդիսանալ: Ընդհակառակը, զեկույցում նշվում է, որ ուժի գործադրումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջոց չի կարող լինել»,- հայտարարել է Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Թերրի Դեւիսը: «Եթե կողմերից ինչ որ մեկը ղարաբաղյան հակամարտության գոտում սկսի պատերազմական գործողություններ, Նախարարների խորհուրդը ակնթարթորեն կարձագանքի դրան եւ կընդունի կանխարգելիչ միջոցներ` չսպասելով ԵԽԽՎ որոշմանը», հայտարարել է Թերի Դեւիսը: ԵԽ գլխավոր քարտուղարը հիշեցրել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում միջնորդական մանդատը պատկանում է ԵԱՀԿ Մինսկի խմբին: «ԵԽ չի փորձում փոխարինել ԵԱՀԿ ՄԽ կառույցին եւ համանախագահներին, մենք փորձում ենք աջակցել եւ օգնել համանախագահներին տվյալ խնդրի լուծման հարցում»,- նշել է նա: Նրա խոսքերով` միջնորդները մեծ աշխատանք են իրականացնում հակամարտող կողմերին հաշտեցնելու ուղղությամբ: «Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը չպետք է հարատեւ լինի, խնդրի լուծմամբ շահագրգռված է եւ Հայաստանը եւ Ադրբեջանը»,- ընդգծել է ԵԽ գլխավոր քարտուղարը, տեղեկացում է «Արմինֆոն»: