5 նոյեմբերի 2012 - 16:06 AMT
Ստյոպա Սաֆարյան. Ընտրազանգվածը պետք է զգա, որ իր պատգամավորի միջոցով ազդում է ԱԺ-ի որոշումների վրա

Թիվ 1 ընտրատարածքում պատգամավորի թեկնածուների պաշտոնական քարոզարշավը թեև երեկ է մեկնարկել, բայց թեկնածու Ստյոպա Սաֆարյանն իր քարոզարշավը մտադիր է սկսել վաղը: Թե ինչ կարգախոսով է «Ժառանգության» ներկայացուցիչը գնում ընտրությունների՝ հայտնի կդառնա վաղը՝ շտաբի անդամների և համակիրների հավաքի ժամանակ: Վաղը կտարածվեն նաև պատգամավորի թեկնածուի նախընտրական բուկլետները: Ստյոպա Սաֆարյանն իր նախընտրական խոստումներից ամենաառանցքայինը համարում է մարդկանց խնդիրների ներկայացումը խորհրդարանում: «Պետք է վերացնել ընտրողի և պետական մարմնի միջև օտարվածությունը: Այսինքն, ընտրազանգվածը պետք է զգա, որ ինքը ներկայացված է, որ ինքն ազդում է որոշումների կայացման վրա իր պատգամավորի միջոցով և իր ձայնը հնչում է օրենսդիր մարմնում: Ամեն անգամ իրենց պատգամավորին լսելիս՝ նրանք հասկանան, որ դա իրենց տեսակետն է»,- PanARMENIAN.Net-ի թղթակցին ասաց Ստյոպա Սաֆարյանը:

Ավելացնենք, որ քարոզարշավը կտևի մինչև նոյեմբերի 30-ը: Այս ընտրատարածքում մեծամասնական ընտրությունները կկայանան դեկտեմբերի 2-ին: