28 ապրիլի 2005 - 14:30 AMT
ԹՈՒՐՔԻԱՆ ՊԵՏՔ Է ՀԱՇՏՎԻ ԻՐ ԱՆՑՅԱԼԻ ՀԵՏ, ԳՏՆՈՒՄ ԵՆ ԼԵՀ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԸ
Լեհ քաղաքական գործիչներրը լուրջ չեն վերաբերվում Լեհաստանի Սեյմի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւի ընդունման առնչությամբ Անկարայի բացասական վերաբերմունքին, հաղորդում է «Gazeta Wyborcza»-ն: Լեհաստանի արտգործնախարար Ադամ Ռոտֆելդը հավաստիացրել է իր թուրք գործընկեր Աբդուլլահ Գյուլին, որ Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը 1915 թվականի իրադարձությունների բարոյական դատապարտում է, ոչ թե Թուրքիայի գործողությունների քաղաքական գնահատական: «Թուրքիան չափազանց նյարդային արձագանք է տվել լեհական Սեյմի կողմից բանաձեւի ընդունմանը»,-նշում է Լեհաստանում ժողովրդականություն վայելող «Քաղաքացիական պլատֆորմ» կուսակցության առաջնորդներից մեկը: Անկարան մտադիր է անդամակցել ԵՄ-ին եւ պարտավոր է նորմալ հարաբերություններ ունենալ Լեհաստանի հետ, քանի որ կախում ունի նրանից: «Անցյալի եւ ոչ մի հանցագործություն չի կարող մոռացվել եւ Թուրքիան պետք է հաշտվի իր անցյալի հետ»,-նշում է նա: Իր հերթին Սեյմի արտաքին գործերի հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Տադեուշ Իվինսկին Թուրքիայի արձագանքը ափսոսանքի արժանի է համարել: Միեւնույն ժամանակ նա ափսոսանք է հայտնել այն առնչությամբ, որ բանաձեւը չի քննարկվել հանձնաժողովում: «Գուցե շտապել ենք, ընդունելով այն»,-նշում է նա: Նա նաեւ հույս է հայտնել, որ լեհ-թուրքական դարավոր հարաբերությունները չեն փչանա այդ հարցում տարաձայնությունների պատճառով: