Ադրբեջանի ընդդիմությանը «դուր չի գալիս», որ Վրաստանի կառավարությունը մտադիր է ամրապնդել կապերը Հայաստանի հետ

Ադրբեջանի ընդդիմությանը «դուր չի գալիս», որ Վրաստանի  կառավարությունը մտադիր է ամրապնդել կապերը Հայաստանի հետ

PanARMENIAN.Net - Այսօր Բաքվում կայացել է Միասնական Ադրբեջանի ազգային ճակատ ընդդիմադիր կուսակցության կառավարման նիստը: Ինչպես հաղորդում է Vesti.Az-ը, մեջբերելով կուսակցության մամլո ծառայությունը, նիստում սուր քննադատության է ենթարկվել Վրաստանի նոր կառավարության արտաքին քաղաքականությունը: Նշվել է, որ վրացական կառավարությունը բացահայտ ռևերանսներ է կատարում Ռուսաստանի և Հայաստանի կողմը: Միևնույն ժամանակ Վրաստանը հանդես է գալիս հայտարարություններով, որոնք հակասում են Ադրբեջանի շահերին, որը դժվար պահերին միշտ նյութական և բարոյական աջակցություն է ցուցաբերել Վրաստանին:

Ընդունված հայտարարությունում նշվում է, որ Բիձինա Իվանիշվիլին, ով նախընտրական քարոզարշավի ժամանակ ակտիվորեն այցելել է ադրբեջանաբնակ շրջաններ, հայտարարել է Ադրբեջանի հետ բարեկամության մասին, ընտրություններից հետո գրավել է տրամագծորեն հակառակ դիրքորոշում:

Դա, կուսակցության կարծիքով, հաստատում է Միխայիլ Սահակշվիլու իրավացիությունը, ով խորհրդարանական ընտրությունների նախաշեմին հայտարարել է, որ Իվանիշվիլին «արտահայտում է ոչ թե վրացական ժողովրդի շահերը, այլ տարածաշրջանի որոշ պետությունների»:

Նիստի մասնակիցների կարծիքով, Ադրբեջանի կառավարությունը «պետք է հիշեցնի Իվանիշվիլիի կառավարությանը համակողմանի օգնության մասին, որն Ադրբեջանի կողմից ցուցաբերվել է Վրաստանին ծանր պահերին, բացատրի նրան այդ երկրի համար Ադրբեջանի ռազմավարական նշանակությունը»:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---