29 ապրիլի 2005 - 09:58 AMT
ԱՐԱՐԱՏ ԼԵՌԸ ԽՈՉԸՆԴՈՏ Է ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆՅԱԿԻ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՇՈՒԿԱ ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼՈՒ ՀԱՐՑՈՒՄ
Անկարայի ինտելեկտուալ իրավունքների դատարանը մերժել է Հայաստանի «Երեւան բրենդի» ընկերության կողմից հայկական կոնյակն այդ երկրի շուկա մտցնելն արգելող Թուրքիայի պատենտների ինստիտուտի որոշման դեմ բողոքը, հաղորդում է «Երկիր» թերթը: Նման որոշումը թուրքական դատարանը հիմնավորել է «ապրանքի պիտակի վրա եղած պատկերը աշխարհագրական առումով սպառողին շփոթության մեջ դնելու» հիմնավորմամբ: Դրա պատճառը հայկական կոնյակի պիտակի վրա եղած Արարատ լեռան պատկերն է: Ըստ թուրքական ԶԼՄ-ների, Թուրքիայի պատենտների ինստիտուտը «լավ գիտի», որ հայերը պահանջներ ունեն «Արարատ լեռան ու նրա շրջակայքի նկատմամբ» եւ հայկական ընկերության խնդրանքը մերժել է «պատենտների գրանցման մասին պահանջը պետական կարգին հակասելու» հիմնավորմամբ: Թուրքիան վախենում է, որ «Արարատ» անվանումը կրող արտադրանքի սպառողները «կմտածեն, թե Արարատ լեռը Հայաստանում է գտնվում»: Նմանատիպ պատճառով Թուրքիայում արգելվել է նաեւ Ատոմ Էգոյանի «Արարատ» հայտնի ֆիլմի ցուցադրությունը: