29 ապրիլի 2005 - 10:33 AMT
ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՎՐԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԵՏ
Վրաստանի նախագահ Միխաիլ Սահակաշվիլին հայտարարել է, թե Ախալքալաքից ռուսական ռազմակայանի դուրս բերումից հետո վրացական իշխանությունները մտադիր չեն այնտեղ տեղակայել սեփական զորամաս: Այդ մասին Վարաստանի նախագահը հաղորդել է երկօրյա պաշտոնական այցով Թբիլիսիյում գտնվող Հայաստանի խորհրդարանի խոսնակ Արթուր Բաղդասարյանի հետ հանդիպման ժամանակ: «Մենք չենք պատրաստվում այնտեղ նոր զորամաս բացել, սակայն առաջարկում ենք այդ մարդկանց ռուսական ռազմակայանի դուրս բերումից հետո ծառայել Վրաստանի զինված ուժերի մոտակա զորամասերում, որտեղ նրանք ավելի բարձր աշխատավարձ կստանան, քան այժմ»,-նշել է նախագահը` խոսելով Ախալքալաքի բազայում աշխատող տեղաբնակների մասին: Նա ընդգծել է, որ Վրաստանի կառավարությունը մատդիր է սկսել տարածաշրջանում բնակչության սոցիալական վերականգնման ծրագիր, այդ թվում ռուսական ռազմակայանում աշխատող մարդկանց համար: Միխաիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ Վրաստանի կառավարությունը «լրջորեն է ձեռնամուխ եղել» Սամցխե-Ջավախքի տարածաշրջանի խնդիրների լուծմանը: «Մենք կստեղծենք ճանապարհների ցանց,-նշել է նա:-Ներկայումս կառուցվում է ոչ միայն Ախալցիխե-Ախալքալաք ճանապարհը, այլեւ վերանորոգվում են Ախալքալաքի միջի ճանապարհները, իսկ աշնանը կսկսվի մեծ ճանապարհի` Թբիլիսի-Ախալքալաք-Ախալցիխե ճանապարհի շինարարությունը մինչեւ թուրքական սահման», հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: