6 նոյեմբերի 2012 - 10:46 AMT
«Առավոտ». Անուշ Սեդրակյան. ԲՀԿ-ն Ռոբերտ Քոչարյանի կերպարից զատելը հեռատես քայլ չէ

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանին «Առավոտ»-ը հարցրել է, թե ինչպես է վերաբերում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանի հայտարարություններին, որոնք առնչվում էին ԲՀԿ-ի հետ համագործակցությանը և 2008թ. մարտի 1-ի կազմակերպման մեղավորներին:

«Այդ հայտարարությունը ինքնին բավականաչափ պերճախոս է: Կարծում եմ` քաղաքական ուժը ոչ թե պետք է մեկնաբանի այլ քաղաքական գործչի հայտարարությունը, այլ պետք է ընդհանրապես սահմանենք քաղաքական կոռեկտության և քաղաքական էթիկայի որոշակի ստանդարտներ, որոնցից շեղվելը արդեն կդատապարտվի հանրության կողմից: Վերջիվերջո, մենք փորձ ենք անում նսեմացնել մարտի 1-ի զոհերի հիշատակը, որը ենթակա չէ նսեմացման և քաղաքական որևէ շահարկման: Այս պարագայում, իբրև քաղաքական ուժի ներկայացուցիչ, կարող եմ միայն մի բան ասել՝ քաղաքական գործիչների և քաղաքական ուժի համար կարևորը քաղաքական վստահության կրեդիտը չկորցնելն է: Նման հայտարարությունները կարող են մեծապես սասանել քաղաքական վստահության կրեդիտը: Նման հայտարարությունների հետ պետք է շատ զգույշ լինել, եթե անգամ այդ հայտարարությունները հեռահար նպատակ ունեն՝ զատել ԲՀԿ-ն Ռոբերտ Քոչարյանի կերպարից, ինչը նույնպես քաղաքականապես այնքան էլ հեռատես քայլ չէ»,- նկատեց Ա. Սեդրակյանը: