6 նոյեմբերի 2012 - 13:12 AMT
Առաջիկայում մայրաքաղաքի ևս 15 դպրոցներ կունենան տեխնիկապես հագեցած դասարաններ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և «Յուքոմ» ընկերության ղեկավարության հետ հանդիպման ժամանակ քննարկվել է քաղաքապետարանի և մասնավոր հատվածի միջև քաղաքային տնտեսության կառավարման կատարելագործմանն ուղղված համագործակցությունն ու ընդլայնման հնարավորությունները: Այս մասին PanARMENIAN.Net-ին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ներկայացնելով մայրաքաղաքի համաչափ զարգացման քաղաքականությունը` քաղաքապետն առանձացրել է վարչական բոլոր շրջանների մարդաշատ վայրերում, մասնավորապես, այգիներում և պուրակներում, անվճար ինտերնետի ապահովումը:

Համագործակցության ընդլայնման, սփյուռքի և Երևանի դպրոցականների, ինչպես նաև ուսուցիչների միջև շփման նոր հարթակի ձևավորման, փորձի փոխանակման ու համատեղ այլ ծրագրերի իրականացմանը համար Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը ստորագրել են համագործակցության հուշագիր, որով ընկերությունը մայրաքաղաքի ևս 15 դպրոցներում կատարելու է համապատասխան ներդրում` ապահովելու տեխնիկապես հագեցած դասարաններ: