29 ապրիլի 2005 - 13:10 AMT
ՎՐԱՑԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ ՄՏԱԴԻՐ Է ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆ ԲԱՑԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Վրաստանի Ուղղափառ եկեղեցու առաջնորդ, Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Երկրորդն այսօր Վրաստանի պատրիարքարանում ընդունել է Թբիլիսիում երկօրյա պաշտոնական այցով գտնվող Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանին եւ հայկական պատվիրակության անդամներին, տեղեկացնում է «Ռեգնում» լրատվական գործակալությունը: Հանդիպումից հետո ՎՈՒԵ առաջնորդը լրագրողներին հայտնել է, որ «զրույցը շատ ջերմ է անցել» եւ կողմերը շոշափել են տարբեր հարցեր, այդ թվում նաեւ վրացական տաճարների խնդիրը, որոնց նկատմամբ հայկական կողմը պահանջներ է ներկայացնում: «Դա վիճելի հարց է,- նշել է Իլյա Երկրորդը,- հայերն ասում են, որ դա հայկական եկեղեցիներ են: Վրացիներն ասում են, որ դա վրացական եկեղեցիներ են»: Այդ պատճառով մենք առաջարկել ենք ապագայում ստեղծել համատեղ հանձնաժողովներ, որտեղ այդ հարցերը կքննարկվեն հանգիստ իրավիճակում»: Հայ խոսնակն իր հերթին տեղեկացրել է, որ նա հարց է բարձրացրել Վրաստանի տարածքում Հայ Առաքելական եկեղեցուն իրավական կարգավիճակ տրամադրելու մասին: «Մենք խոսել ենք նաեւ այդ մասին եւ շարունակելու ենք բանավեճերը, որպեսզի այդ հարցը լուծվի օրենքի ճանապարհով կամ որեւէ ենթաօրենսդրական ակտով»,- նշել է Բաղդասարյանը: Ընդսմին Հայաստանի խորհրդարանի ղեկավարը գոհունակություն է հայտնել, որ Վրացական եկեղեցին մտադիր է իր ներկայացուցչությունը բացել Հայաստանում: