7 նոյեմբերի 2012 - 13:39 AMT
«Վիմպելկոմը» Հայաստանում 2006-2012թթ. ներդրել է 327 մլն դոլար

«ԱրմենՏել» ընկերությունը նշում է «Վիմպելկոմի» 6-րդ տարեադարձը Հայաստանում: Ամփոփելով 6 տարիների գործունեությունը` «ԱրմենՏել» ՓԲԸ գլխավոր տնօրեն Իգեր Կլիմկոն նշեց, որ «Վիմպելկոմ» ընկերությունների խմբի կողմից իրականացված ուղիղ ներդրումները Հայաստանի տնտեսության մեջ սկսած 2006-ից առ այսօր կազմում են գրեթե 327 մլն դոլար:

«Բյուջե վճարված հարկերի ընդհանուր գումարը վերջին 6 տարիներին գերազանվել է 97 մլրդ դրամ, որից ավելի քան 53 մլրդ դրամ վճարվել է 2009-2012 թվականներին: Վերջին երեք տարիների ընթացքում «ԱրմենՏել» ընկերությունը տրամադրել է ավելի քան 1,1 մլրդ դրամ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ոլորտում` իրականացնելով ավելի քան 130 ծրագիր` ուղղված կրթության, առողջապահության, սպորտի, երիտասարդների մշակութային և հայրենասիրական դաստիարակման ոլորտներին»,- ասաց նա:

Ներկայացնելով անցած տարիների աշխատանքների արդյունքները` ընկերության ղեկավարը պատմեց հետագա ծրագրերի մասին:

Ելնելով շուկայի աճող պահանջարկից` «ԱրմենՏելը» մտադիր է կատարել լուրջ ներդրումներ` ուղղված ընկերության բջջային և ֆիքսված կապի բաժանորդների սպասարկման որակի համակարգի բարելավմանը:

«Հայաստանում իմ աշխատելու առաջին իսկ օրվանից «ԱրմենՏել» ընկերության ուշադրության կենտրոնում է գտնվում սպասարկման որակի բարելավումը: Որպես ընկերության ղեկավար` ես գիտակցում եմ պատասխանատվության այն մակարդակը և աշխատանքի այն ծավալը, որ պետք է իրականացնենք` հայտարարելով մեզ համար շատ կարևոր այս ծրագրի նոր փուլի մեկնարկի մասին: Ժամանակակից շուկայի սրընթաց զարգացման միտումը և միջազգային սպասարկման ոլորտի փորձը ցույց է տալիս, որ հաջողության են հասնում միայն նրանք, ովքեր չեն բավարարվում կարճաժամկետ ձեռքբերումներով: Մեր նպատակն է լինել հնարավորինս մոտ յուրաքանչյուր մարդու, արագ և ճկուն արձագանքել շուկայի պահանջներին: Վստահ եմ, որ մեր հաճախորդները կաջակցեն այս նախաձեռնությանը»,-ասաց «ԱրմենՏել» ՓԲԸ գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Տնօրենը հայտարարեց սպասարկման որակի բարելավման նոր, թվով երրորդ ծրագրի մեկնարկի մասին, որի համար ընկերությունը լուրջ ներդրումներ է կատարելու: «Նախատեսում ենք ավելացնել գրասենյակների, էլեկտրոնային հերթերի սարքերի քանակը, ինչպես նաև տրամադրել լրացուցիչ աշխատակիցներ առավել պահանջված ծառայությունների տեսակների համար: Ծրագրի շրջանակում կապի բոլոր տեսակներ տրամադրող գրասենյակների կողքին, ընկերությունը կբացի գրասենյակներ, որոնք կսպասարկեն միայն բջջային կապի բաժանորդներին: Այս քայլը թելադրված է ինչպես ընկերության հաճախորդների քանակի աճով, այնպես էլ ծառայությունների տեսակների ընդլայնումով»,- նշեց նա` հավելելով, որ Beeline բջջային կապի կենտրոնները կգտնվեն կապի բոլոր տեսակներ տրամադրող գրասենյակների կողքին: