7 նոյեմբերի 2012 - 15:04 AMT
ԱՄՆ պետքարտուղար կրկին կարող է Ռայսը դառնալ, այս անգամ՝ Սյուզեն Ռայսը

ԱՄՆ արտաքին քաղաքականության գերատեսչությունը կարող է գլխավորել Սյուզան Ռայսը, որը վերջերս կոշտ ձևով պաշտպանում է ԱՄՆ շահերը որպես ՄԱԿ-ում ԱՄՆ պաշտոնական ներկայացուցիչ: Նման կարծիք է հայտնել ՌԳԱ ԱՄՆ ու Կանադայի ինստիտուտի փոխտնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Վալերի Գարբուզովը:

«Վերլուծաբաններից շատերը համարում են, որ ԱՄՆ նոր պետքարտուղարը կլինի Սյուզան Ռայսը: Նա հայտնի է, նրա դիրքորոշումը պարզ է ու հստակ: Ամեն դեպքում, դա պետք է լինի մի մարդ, որն ընկալում է ազգային շահերն ու կարողանում է պաշտպանել դրանք: Ռայսն, ըստ իս, առավել հարմար թեկնածուն է: Եվ հետո արդեն բավական երկար ժամանակ է, ինչ պետքարտուղարի պաշտոնը կանանց է տրված և վարչակազմի ձևավորման ժամանակ այդ գործոնը ևս հաշվի է առնվում»,-հայտարարել է փորձագետը «Ռուսաստանի ձայնին»:

Նա նշել է, որ ԱՄՆ արտաքին քաղաքականության հիմնական ուրվագիծը նույնը կմնա, ով էլ զբաղեցնի պետքարտուղարի պաշտոնը:

ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբաման հաղթել է նոյեմբերի 6-ին կայացած նախագահական ընտրություններում: