7 նոյեմբերի 2012 - 16:26 AMT
Լևոն Շիրինյանը՝ ԱՄՆ ընտրությունների մասին. Սպասվող վատթարագույն սցենարը Հայաստանը շրջանցեց

Ամերիկայում ընտրություններից հետո սպասվող վատթարագույն սցենարը Հայաստանը շրջանցեց: Քաղաքագետ Լևոն Շիրինյանի բնորոշմամբ՝ Օբամայի վերընտրվելուց հետո հայ-ամերիկյան հարաբերությունները եթե չլավանան, հաստատ, չեն վատանա: «Հարաբերությունները նույնը կմանան Հայաստանի և Արցախի հարցերում: Բայց կա նաև այնտեղ հայկական համայնքի հարցը:

Նրանք չգնացին դեպի Օբաման, որովհետև թեկնածուներից ոչ մեկը չուզեց Ցեղասպանության 100 ամյակի շեմին պարտավորություներ վերցնել իր վրա: Իրենք պետք է լուրջ մոտենան, տեսնեն հարաբերությունների նորմալացման պոտենցիալը ինչպիսին է և ինչպես կարող է ազդել Հայաստանի հետ հարաբերություններում»,- PanARMENIAN.Net-ի թղթակցին ասաց քաղաքագետը: Նա նկատեց, որ Ռոմնիի հաղթանակի դեպքում ակնհայտ էր, որ Ռուսաստան-ԱՄՆ, Սիրիա-ԱՄՆ և Իրան-ԱՄՆ հարաբերությունների շղթան, որը Հայաստանի կենսական շահերն են պայմանավորում, վատանալու էր: Եվ այն տեսակետը, թե Հայաստանի համար միևնույնն է ով կընտրվեր, սխալ է: Ճիշտ է՝ Ամերիկայի քաղաքականությունը Հայաստանի հանդեպ կարող է չփոխվեր, բայց եթե փոխվում է քաղաքականությունը նշված երկրների հանդեպ, Հայաստանի դրությունը չի կարող չփոխվել, քանի որ այդ դեպքում ակտիվանում են Թուքիան և Ադրբեջանը: Լևոն Շիրինյանի համոզմամբ՝ Օբամայի վերընտրվելուց հետո ԱՄՆ–ի՝ Հայաստանի հետ հարաբերությունների տանելի վիճակը կպահպանվի: