2 մայիսի 2005 - 13:44 AMT
ԱՄԵՐԻԿԱՑԻ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԸ ԲԱՐՁՐ ԵՆ ԳՆԱՀԱՏԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԾՐԱԳԻՐԸ` ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ «ՀԱԶԱՐԱՄՅԱԿԻ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ»ՆԱԽԱԳԾԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ
«Ամերիկյան կողմից «Հազարամյակի մարտահրավերներ» նախագծի շրջանակներում ՀՀ ներկայացրած ծրագրի ընդունման շանսերը կախված են ԱՄՆ եւ Հայաստանի համատեղ աշխատանքի արդյունավետությունից»: Այդ մասին այսօր Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ` նվիրված հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության աշխատանքային խմբի նիստի արդյունքներին, հայտարարել է «Հազարամյակի մարտահրավերներ» հիմնադրամի տնօրեն Ալեքս Ռուսինը: Նա գոհունակություն է հայտնել այն առնչությամբ, որ ՀՀ կառավարությունը ներկայացրել է իր ծրագիրը եւ «մենք պատրաստ ենք քննարկել այն»: «Մենք, Հայաստանի կառավարության հետ համատեղ կլուծենք բոլոր տեխնիկական հարցերը, կապված ներկայացված ծրագրի հետ»,-նշել է Ռուսսինը: Նրա խոսքերով, ծրագրի ընդունման գործընթացը կավարտվի համապատասխան փաստաթղթի ստորագրմամբ: Նրա խոսքերով, այսօրվա դրությամբ իրենց ծրագիրը ներկայացնելու իրավունք ունի 17 երկիր, որոնցից մեկի` Մադագասկարի հետ արդեն ստորագրվել է համապատասխան փաստաթուղթ: Ներկայումս կա եւս 4 երկիր, այդ թվում Վրաստանը, որոնք գտնվում են քննարկման վերջին փուլում: «Դա նշանակում է, որ ԱՄՆ Կոնգրեսը արդեն տեղեկացվել է, որ այդ երկրիների հետ պետք է փաստաթուղթ ստորագրվի»,-նշել է Ռուսսինը: Իր հերթին ԱՄՆ պատվիրակության նախագահ, Եվրոպայի եւ Ասիայի աջակցության ծրագրի համակարգող Թոմ Ադամսը բարձր է գնահատել Հայաստանի ներկայացրած ծրագիրը: