8 նոյեմբերի 2012 - 12:22 AMT
Ստյոպա Սաֆարյան. Մեծամասնականով առաջադրվելն ինձ համար փորձություն է

Ավանի թիվ 1 ընտրատարածքում ԱԺ լրացուցիչ ընտրություններում հաղթելու դեպքում «Ժառանգության» ներկայացուցիչ Ստյոպա Սաֆարյանը խոստանում է, որ իր պատգամավորական գործունեությունը կլինի տեսանելի. «Ինձ համոզել եմ առաջադրվել, որովհետև նախորդ գումարման ԱԺ-ում իմ գորևծունեությունից ելնելով՝ կարծում եմ, որ կարող եմ օգտակար լինել հասարակաությանը, այդ հարթակը օգտագործել իմ կուսակցության գաղափարները տարածելու համար, ինչպես նաև ԱԺ որոշումների վրա ազդելու և այդ որոշումներում հասարակության կամքը արտահայտելու համար»,-այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Ստյոպա Սաֆարյանը:

Նա հիշեցրեց, որ նախորդ գումարման ԱԺ-ում ընտրվել էր համամասնականով և մեծամասնականով առաջադրվելն իր համար փորձություն է.« Սա նաև հնարավորություն է ՝ ունենալ հստակ ընտրատարածք և աշխատել այդտեղ: Այս դեպքում դու հաշվետու ես կոնկրետ մարդկանց»,-ասաց նա:

Ստյոպա Սաֆարյանը ընտրողներին կոչ է անում լինել ակտիվ և մասնակցել ընտրություններին, քանի որ մեկ մանդատով շատ բան կարելի է փոխել: