8 նոյեմբերի 2012 - 13:00 AMT
Ֆրունզե Հայթյան. Հայաստանում հացի մոտ մեկ երրորդի ծագումն անհայտ է

Հացը չի թանկացել, թանկացել է ցորենը: Այդ մասին այսօր մամուլի ասուլիսում ասաց Հայաստանի սպառողների ասոցիացիայի Մարքեթինգի և մոնիթորինգային հետազոտությունների պատասխանատու, սննդի որակի աուդիտոր Ֆրունզե Հայթյանը: «Թանկացումը միջինը 7-10% է կազմում` կախված հացի տեսակից: Մի շարք երկրներ այսօր ցորենի խնդիր ունեն, շատերը հրաժարվել են այն արտահանել: Դա է նաև պատճառներից մեկը, որ այսօր Հայաստանում հացի մոտ մեկ երրորդի ծագումն անհայտ է: Կան տնայնագործ հաց թխողներ, որոնք գրանցված չեն: Այդ հացը չի մակնիշվում, և սպառողը չգիտի` ինչ հաց է գնում»,- նշեց նա :

Հայաստանի սպառողների ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանն իր հերթին ընդգծեց, որ նման թվով չգրանցված հաց արտադրողների կողքին կան նաև մի շարք անհատներ, որոնք կարող են 25 հազ. դրամ վճարել բյուջե լիցենզիայի համար և հաց թխել ու վաճառել: «Այդպիսով հացի որակը անվերահսկելի է դառնում: Մենք պահանջում ենք, որպեսզի նրանք ոչ միայն լիցենզիա ստանան, այլև փուռը համապատասխանի բոլոր սանիտարական պահանջներին, նորագույն տեխնոլոգիաների կիրառման և այլ կարևոր պայմաններին»,- ասաց նա: