8 նոյեմբերի 2012 - 14:01 AMT
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը թույլ չի տա, որ սիբիրախտը տարածվի այլ մարզերում

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն ուշադիր հետևում է, որպեսզի սիբիրախտը Գեղարքունիքի մարզի Վարդենսի շրջանից չտարածվի նաև այլ շրջաններում: Այդ մասին նոյեմբերի 8-ին կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ծառայության պետ Աբրամ Բախչագուլյանը: Նա հիշեցրել է, որ այդ շրջանում կարանտին է հայտարարվել և արգելվել է մսի օգտագործումն ու տեղափոխումը, իսկ համապատասխան կարանտինային կետերը շուրջօրյա են աշխատում:

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետը հայտնեց, որ այդ շրջանում շարունակվում են պատվաստումները՝ հավելելով, որ Անասնաբուժական տեսչությանը հաջողվել է բուժել 7 անսաունների: Միաժամանակ, Բախչագուլյանը նշեց, որ գյուղացիները մասնակիորեն իրենք են մեղավոր վարակի դեպքերի համար, քանի որ չեն կատարում մասնագետների ցուցումները և արոտավայր են հանում անասունին անասնակերի բացակայության պատճառով, որտեղ էլ նրանք վարակվում են, և չեն կատարում պատվաստում: «Իսկ արոտավայրերում անհնար է հետևել վարակված անասունների ջերմության բարձրանալուն»,-ասել է Բախչագուլյանը: