3 մայիսի 2005 - 10:26 AMT
2006 ԹՎԱԿԱՆԻՆ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՍԵՆԱՏԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ ԿԱՅՑԵԼԵՆ ՀԱՅԱՍՏԱՆ
Այսօր Հայաստանի խորհրդարանի խոսնակ Արթուր Բաղդասարյանը հանդիպել է Ֆրանսիայի Սենատի հայ-ֆրանսիական բարեկամության խմբի համանախագահ, Բուրգ լե Վալանս քաղաքի քաղաքապետ Բեռնար Պիռասին, տեղեկացնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ Հայաստան-Ֆրանսիա խորհրդարանական խմբի Հայաստանի կողմից համանախագահ Մհեր Շահգելդյանը: Բեռնար Պիռասը փոխանցել է Ֆրանսիայի Սենատի նախագահ Քրիստիան Պոնսլեի ողջույնները: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի եւ Ֆրանսիայի խորհրդարանական հարաբերություններին ու բարեկամական կապերի ամրապնդմանը, քաղաքների միջեւ բարեկամական կապերի հաստատմանը, առողջապահական, գիտության եւ կրթության ոլորտներում ծրագրերի իրականացմանը, ինչպես նաեւ Հայաստանում ֆրանկոֆոնիայի զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր: Նշվել են Բուրգ դե Վալանս եւ հայկական Թալին քաղաքների բարեկամական հարաբերությունները, Բուրգ դե Վալանս վարչակազմը մտադիր է կոնկրետ ծրագրեր իրականացնել Թալինում` ուղղված քաղաքի տնտեսական զարգացմանը: Արթուր Բաղդասարյանը կարեւորել է Թալինի հետ համագործակցությունն ու կոնկրետ ծրագրերի իրականացումը` հաշվի առնելով դժվարին սոցիալ-տնտեսական վիճակը: Մհեր Շահգելդյանն իր հերթին կարեւորել է խորհրդարանական խմբի արդյունավետ աշխատանքը միջխորհրդարանական հարաբերությունների ամրապնդման գործում, ինչպես նաեւ Ֆրանսիայի Սենատի հայ-ֆրանսիական բարեկամության խմբի անդամներին հրավիրել է Հայաստան: Այցը տեղի կունենա 2006 թվականին: