8 նոյեմբերի 2012 - 16:00 AMT
Արմեն Աշոտյան. ԲՀԿ հայտարարությունը փրկօղակ է ՀՅԴ-ի համար

Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ՀՅԴ այսօրվա հայտարարությանը, որում կուսակցությունը առաջարկում է անցնել կառավարման խորհրդարանական համակարգին: Հիշեցնենք, որ նախօրեին նման առաջարկով էր հանդես եկել նաև ԲՀԿ-ն:

Մեկնաբանելով այս երկու կուսակցությունների հայտարարությունները՝ Արմեն Աշոտյանը գրում է. «ԲՀԿ հայտարարությունը փրկօղակ է ՀՅԴ-ի համար: 2009 թվականից այդ կուսակցությանը հետապնդող քաղաքական պարտությունների շարանը համալրվեց սեփական քաղաքական անզորության մեջ ինքնախոստովանական մենախոսությամբ: 2009 թվականին կոալիցիոն դուռը շրխկացնելով փակելուց հետո, ակնհայտ դարձավ դաշնակցականների քաղաքական ֆալսստարտը: Ձախողումների կախարդական շղթան բերեց նրան, որ 2012 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքում նախկինում 3-րդ քաղաքական ուժը վերածվեց ամենափոքր խմբակցությանը: Այսօր ՀՅԴ-ն գալիք նախագահական ընտրությունների համար անգամ խորհրդանշական պատվավոր մասնակցության դափնիներին հավակնող սեփական թեկնածություն չունի` մեծագույն ողբերգություն ոչ այնքան ՀՅԴ-ի համար, որքան Հայաստանի քաղաքական մշակույթի և պատմության համար: Քաղաքաքիրթ երկրներում ներկուսակցական ժողովրդավարության բավարար աստիճան ունեցող կուսկացությունների ձախողված ղեկավարները պաշտոնանկ են լինում, տեղը զիջելով նոր դեմքերին, նոր գաղափարներին: ՀՅԴ-ն իրականում արժանի է ավելի լավ նորագույն պատմության»: