8 նոյեմբերի 2012 - 16:31 AMT
Գյումրու քաղաքապետն ու Լեհաստանի դեսպանը քննարկել են Բելիստոկ և Գյումրի քաղաքների միջև հարաբերությունների ստեղծման հարցը

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն այսօր ընդունել է Հայաստանում Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկուն: Քաղաքապետը դեսպանին ներկայացրել է Գյումրիում տիրող ընդհանուր պատկերը, ինչպես նաև տեղեկացրել առանձին ոլորտներում կոնկրետ ուղղություններով արդեն մեկնարկած աշխատանքների մասին:

Դեսպան Զդիսլավ Ռաչինսկին շնորհավորել է Սամվել Բալասանյանին քաղաքապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և մաղթել բեղմնավոր գործունեություն: Գյումրու քաղաքապետն ու Լեհաստանի դեսպանը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք թեմաներ, մասնավորապես, Գյումրիում բնակվող ազգությամբ լեհերի համար լեհերենի դասընթացների կազմակերպման համար անհրաժեշտ շենքային պայմանների ապահովման, Գյումրու և լեհական Բելիստոկ քաղաքների միջև երկկողմ հարաբերությունների ստեղծման և ներդրումային ոլորտին վերաբերող տարաբնույթ հարցեր: