8 նոյեմբերի 2012 - 18:42 AMT
Հմայակ Հովհաննիսյան. ԲՀԿ-ն ստեղծելու է «սև» ու «սպիտակի» իրավիճակ՝ քաղաքական դաշտը բաժանելով երկու թևերի

ԲՀԿ-ի առաջարկությունները կարող են հիմք հանդիսանալ տարբեր քաղաքական ուժերին համախմբելու համար այդ առաջարկների շուրջ, իսկ Դաշնակցությունը դեռ 90-ականներին էր հանդես գալիս կառավարման խորհրդարանական տարբերիակին անցում կատարելու առաջարկություններով: Այս մասին այսօր PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաք Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը և ընդգծեց, որ ԲՀԿ-ի առաջարկներն այն դրույթներն են, որոնք այս տարիներին տարբեր ժամանակաշրջաններում առաջարկվել են «Ժառանգության», ՀՅԴ-ի և ՀԱԿ-ի կողմից: Քաղաքագետը նշեց, որ ԱԺ 2012 թվականի ընտրություններից առաջ, երբ ԲՀԿ-ն կոալիցիա էր կազմում հանրապետականների հետ, այդ ժամանակ խորհրդարանական ընդդիմադիր ուժեր «Ժառանգությունն» ու ՀՅԴ-ն, ինչպես նաև արտախորհրդարանական ՀԱԿ-ը, հանդես եկան 100 %-անոց համամասնական ընտրակարգին անցում կատարելու առաջարկով, սակայն ԲՀԿ-ն չմիացավ այդ առաջարկին:

«ԲՀԿ-ի ղեկավարությունը, երբ առաջարկեց քննարկել այս առաջարկները, դրանք հաշվարկել էր, քանի որ դրանք այն դրույթներն են, որ կարող են հենք հանդիսանալ մյուս ուժերի դրանց շուրջ համախմբման համար: ԲՀԿ-ն մտադիր է սեփական թեկնածուով հանդես գալ նախագահական ընտրություններին և փորձում է հող նախապատրաստել այն բանի համար, որ իր թեկնածուն պաշտպանվի նաև մյուս քաղաքական ուժերի կողմից»,- առանձնացրեց քաղաքագետների միության ղեկավարը: Նա նշեց, որ ԲՀԿ գործողություններում նաև հաշվարկված է, որ ստեղծված պայմաններում, «Ժառանգությունը», ՀՅԴ-ն և ՀԱԿ-ը հաջողության հասնելու առումով շատ թույլ են և նրանց համար ավելի հարմար կլինի ձեռնպահ մանալ սեփական թեկնածուով ընտրություններին մասնակցելուց և պաշտպանել ԲՀԿ թեկնածուին:

Պատասխանելով PanARMENIAN.Net-ի թղթակցի այն հարցին, թե այս նախաձեռնությունը կարո՞ղ է հիմք հանդիսանալ, որ առաջիկայում, ինչպես խորհրդարանական ընտրություներից առաջ, ստեղծվի միասնական շտաբ՝ Հմայակ Հովհաննիսյանը նշեց, որ ԲՀԿ-ի նախաձեռնությունը Քաղաքագետների միության վարչության կողմից ստեղծված և 4 ամիս ակտիվ գործունեություն ծավալած քաղաքագիտական գործունեություն իրականացնող, ոչ կառավարական մարմնի կրկնողության փորձ է՝ ֆորմալ առումով : «Ֆորմալ առումով հայտ է ներկայացվում այդ ձևով ստեղծել մի ձևաչափ՝ կրկնօրինակելու քաղաքագիտական տեխնոլոգիան, որ չորս ամիս գործեց»,- նշեց քաղաքագետը և հավելեց, որ ԱԺ ընտրություններից առաջ ստեղծված միասնական շտաբում չկար որևէ կուսակցության ներկայացուցիչ և դա բացարձակապես քաղաքացիական հասարակության հատվածի նախաձռնություն էր. «Նախաձեռնության քաղաքական տեխնոլոգիան որդեգրվում է, բայց բովանդակությունը փոխվում է»,-ասաց նա:

Ըստ Հմայակ Հովհաննիսյանի, ԲՀԿ-ն այս կերպ առաջ է քաշելու իր թեկնածուի առաջադրման անհրաժեշտությունը և կազմակերպելու է բողոքական քվեարկություն՝ ստեղծելով «սև» ու «սպիտակի» իրավիճակ՝ քաղաքական դաշտը բաժանելով երկու թևերի: