8 նոյեմբերի 2012 - 20:48 AMT
Արմեն Գևորգյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Իրաքի նախագահ Ջալալ Թալաբանիին

ՀՀ փոխվարչապետ, Տնտեսական համագործակցության հարցերով հայ-իրաքյան միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ Արմեն Գևորգյանի գլխավորած պատվիրակությունն այսօր Սուլեյմանիայում հանդիպել է Իրաքի Հանրապետության նախագահ Ջալալ Թալաբանիի հետ:

Փոխվարչապետն Իրաքի նախագահին փոխանցել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը և երկկողմ հարաբերությունները խորացնելու պատրաստակամությունը:

Ջալալ Թալաբանին ընդգծել է, որ Իրաքը շահագրգռված է բարեկամ Հայաստանի հետ հարաբերությունների զարգացմամբ և ակտիվացմամբ: Նա ողջունեց կողմերի ջանքերը` միջկառավարական հանձնաժողովը կարճ ժամկետներում ձեւավորելու և առաջին նիստը գումարելու ուղղությամբ:

Փոխվարչապետը ներկայացրել է հանձնաժողովի նիստի արդյունքները: Անդրադարձ է եղել երկու երկրների միջև իրավապայմանագրային դաշտի ձևավորման անհրաժեշտությանը: Գևորգյանը տեղեկություններ է հաղորդել մի շարք ոլորտներում համագործակցության վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների մասին: Մասնավորապես խոսել են տրանսպորտային, նավթագազային, էներգետիկ և մի շարք այլ ոլորտներում գործակցության հեռանկարների մասին:

Իրաքի նախագահը կարևորել համատեղ ջանքերով ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացումը: Նա նաև իր բարեմաղթանքներն է փոխանցել Հայաստանի նախագահին:

Զրուցակիցները քննարկել են նաև տարածաշրջանային խնդիրներին վերաբերող հարցեր: