4 մայիսի 2005 - 13:28 AMT
ԱՄՆ ՀԱՎԱՏՈՒՄ Է, ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՏԱՐԲԵՐ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀՆԱՐԱՎՈՐ Է ՔՆՆԱՐԿԵԼ ՄԻԱՍԻՆ
ԱՄՆ վարչակազմը դրական է վերաբերվում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի` Եվրախորհրդի շրջանակներում մայիսի 16-17-ը Վարշավայում հնարավոր հանդիպմանը եւ հավատում է, որ երկու կողմերի տարբեր առաջարկությունները հնարավոր է քննարկել միասին: Այս մասին հայտարարել է Եվրոպայի եւ Եվրասիայի երկրների հարցերով ԱՄՆ Պետքարտուղարի օգնականի տեղակալ Լորա Քենեդին` Թուրքիա կատարած այցի շրջանակներում: Թուրքիայի արտգործնախարարի տեղակալ Ալի Թույգանի եւ ազգային անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղար Իթոգ Ալփոգանի հետ հանդիպման ընթացքում Լորա Քենեդին նաեւ «պնդել է Հայաստանի հետ սահմանների բացման մասին»: Նշենք, որ հարաբերությունների կարգավորման եւ սահմանների ապաշրջափակման համար որպես նախապայման Անկարան Երեւանից պահանջում է զգալի զիջումներ ղարաբաղյան կարգավորման հարցում եւ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հրաժարում: Իր հերթին Հայաստանն առաջարկում է Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատել առանց որեւէ նախապայմանի, տեղեկացնում է «Ռեգնում» լրատվական գործակալությունը: