5 մայիսի 2005 - 08:04 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԽՈՍՆԱԿԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ ԵՄ ՀԱՏՈՒԿ ՆԵՐԿԱՅՑՈՒՑՉԻ ՀԵՏ
Հայաստանի խորհրդարանի խոսնակ Արթուր Բաղդասարյանը հանդիպել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Հեյկի Տալվիտիեին, հաղորդում է ՀՀ ԱԺ մամլո ծառայությունը: Հանդիպմանը ներկա էր Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսիային Իռլանդիայի միացյալ թագավորության դեսպան Թորդա Ուոտտ-Էբոթը: Հանդիպման ընթացքում, կարեւորելով խորհրդարանների օրեցօր մեծացող դերն աշխարհում, Հեյկի Տալվիտիեն ընդգծել է Ազգային ժողովի դերը նաեւ հասարակության ժողովրդավարացման գործընթացներում: Նրա խոսքերով` ԼՂ հարցով լսումները Հայաստանի խորհրդարանում եւս կարեւոր ներդրում էին հակամարտության կարգավորման գործում: ԵՄ հատուկ ներկայացուցչի խնդրանքով Արթուր Բաղդասարյանը մանրամասնել է Հայաստանում տեղի ունեցող օրենսդրական բարեփոխումները. մասնավորապես անդրադարձ եղավ ՀՀ Սահմանադրությանն ու Ընտրական օրենսգրքին: Այս առնչությամբ նշվել է, որ առաջին անգամ օրենսգիրքն ընդունվում է ընտրություններից երկու տարի առաջ: Զրուցակիցները կարեւորել են անկախ դատական համակարգի եւ տեղական ինքնակառավարման գործուն մարմինների նշանակությունը բարեփոխումների գործընթացում: Բացի այդ, կարեւորվել է նաեւ ԵԱՀԿ եւ Վենետիկի հանձնաժողովի փորձագետների աջակցությունը` միջազգային չափանիշներին Հայաստանի օրենսդրության համապատասխանեցման հարցում: Կողմերը քննարկել են նաեւ Հարավկովկասյան խորհրդարանական նախաձեռնությունը խորհրդարանական վեհաժողովի վերածելու հեռանկարները: