10 նոյեմբերի 2012 - 11:16 AMT
Այսօր Երիտասարդության համաշխարհային օրն է

Նոյեմբերի 10-ը նշվում է որպես Երիտասարդության համաշխարհային օր։ Տոնը սահմանվել է 1945 թվականին։ 1945 թվականաի այս օրը Լոնդոնում տեղի ունեցած երիտասարդների համաշխարհային համաժողովի ընթացքում հիմնադրվել է Ժողովրդավարական երիտասարդության համաշխարհային դաշնությունը։ Այն նպատակ ուներ տարբեր երիտասարդական կազմակերպությունների համախմբելով՝ պայքարել խաղաղության, ժողովրդավարության, ազգային անկախության և երիտասարդների քաղաքական, տնտեսական, սոցիալական իրավունքների համար։ Այս համաժողովը համախմբել էր միջազգային երիտասարդական շարժման 63 ազգությունների ներկայացուցիչների։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը շնորհավորել է բոլոր երիտասարդներին տոնի առթիվ։ «Այսօր մենք ունենք ակտիվ, նախաձեռնող, բանիմաց, իրենց առողջ նպատակների մեջ հաստատակամ երիտասարդություն, ում կարելի է վստահել վաղվա օրը։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամն իր գործունեությամբ և ծրագրերով երիտասարդական բոլոր առաջադիմական և կառուցողական նախաձեռնությունների կողքին է՝ պատրաստ աջակցելու երիտասարդական ներուժի զարգացմանը»,-ասված է հիմնադրամի շնորհավորական ուղերձում։