5 մայիսի 2005 - 12:14 AMT
ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԸ ԵՎ ՀԵՅԿԻ ՏԱԼՎԻՏԻԵՆ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ
Այսօր Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը հանդիպել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ դեսպան Հեյկի Տալվիտիեին, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: Հանդիպման հիմնական թեմաներն են եղել. ԵՄ-Հայաստան հարաբերությունները, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ընթացքը եւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունները: Վարդան Օսկանյանը տեղեկացրել է զրուցակցին ԵՄ «Ընդլայնված Եվրոպա: Նոր հարեւաններ» նախաձեռնության շրջանակներում գործողությունների ծրագրի մշակման ընթացքի մասին: Մինչեւ տարեվերջ նախատեսվում է ԵՄ-ի քննարկմանը ներկայացնել ծրագրի նախագիծը: Կողմերը նշել են, որ գործողությունների ծրագով ԵՄ-Հայաստան հարաբերությունները կտեղափոխվեն նոր մակարդակ: Վարդան Օսկանյանը եւ Հեյկի Տալվիտիեն քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարները: Նշելով բանակցությունները շարունակելու անհրաժեշտությունը` զրուցակիցները մտահոգություն են հայտնել հրադադարի ռեժիմի խախտումների կապակցությամբ: Բացի այդ, քննարկվել են հայ-թուրքական հարաբերությունների հեռանկարները` Թուրքիայի ԵՄ անդամակցության բանակցություններն սկսելու համատեքստում: