5 մայիսի 2005 - 13:17 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄՇԵՑԻՆԵՐԸ ՕԳՆՈՒԹՅԱՄԲ ԴԻՄԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆԻՆ
Կրասնոդարի մարզի «Հեմշիլներ» մշակութային միության գրանցմանն աջակցելու խնդրանքով Հայաստանի Հանրապետության «Համշեններ» հայրենակցական բարեգործական հասարակական կազմակերպության խորհուրդը դիմել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Ն.Պավլովին, գրում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը: Իր ուղերձում «Համշեններ» կազմակերպության խորհուրդը լուրջ մտահոգություն է հայտնում ՌԴ Կրասնոդարի մարզում համշենահայերի (մահմեդական հայեր)` հայ ժողովրդի ազգային կրոնական խմբի հասարակական կազմակերպության հետ ստեղծված իրավիճակի կապակցությամբ: Համշենահայերի ներկայացուցիչներին հերթական` արդեն չորրորդ անգամ մերժել են գրանցել նրանց հասարակական միավորումը` «Հեմշիլներ» մշակութային կազմակերպությունը: Հայկական կազմակերպության մտահոգությունն առաջացնում է այն փաստը, որ «Հեմշիլներ» մշակութային կազմակերպությանը գրանցելու մերժումը մտածված է. այսպես, վերջին մերժումը բացատրվել է միակ պատճառով` գրանցման դիմումում ճիշտ չի նշվել գրանցող մարմինը: Ընդսմին, մայիսի 3-ին համշենահայերի ներկայացուցչին հանձնված պաշտոնական մերժումը ամսագրված է եղել մայիսի 4-ով: Ռուսաստանի դեսպանին ուղղված ուղերձում այնուհետեւ ասվում է. «Այլ կազմակերպությունների գրանցման ժամանակ դա մերժման պատճառ չի հանդիսանում` դիմողին հնարավորություն է տրվում ուղղում մտցնել եւ կրկին հանձնել դիմումը գրանցող մարմին: Համշենահայերի դեպքում դա տեղի չի ունեցել, ընդ որում 2000 ռուբլի գումար կազմող պետական վարկը պարտաճանաչորեն գանձվել է չորս անգամ: Այսպիսով, իրենց գործողություններով, Կրասնոդարի մարզի դաշնային գրանցման ծառայության գլխավոր վարչության ներկայացուցիչներն ստեղծում են Ռուսաստանից որպես քաղաքական փախստականներ մեկնող մեկ այլ ժողովրդի ստեղծման միջադեպ: Գաղտնիք չէ, որ Միգրացիայի միջազգային կազմակերպության ներկայացուցիչները, որոնք իրականացնում են Կրասնոդարի մարզից թուրք-մեսխեթների ԱՄՆ վերաբնակեցման նախագիծը, արդեն պատրաստում են քուրդ-քուրմանջիների եւ Կուբանում բնակվող համշենների վերաբնակցման նմանատիպ նախագծեր: Մենք չենք կարող անտարբեր մնալ համշենահայերի ճակատագրին, քանզի համշենահայերը եւ հեմշիլները մեկ ժողովուրդ են: 18-րդ դարում Արեւմտյան Հայաստանի Համշենի շրջանի (նեկայումս Թուրքիայի) հայ բնակչության բռնի զանգվածային մահմեդականացման արդյունքում ստեղծվել է ազգային կրոնական մի խումբ` ցայտուն ինքնագիտակցությամբ, որն իրեն անվանում է «հոմշեցի» եւ խոսում հայերեն լեզվի համշենական բարբառով: Հեմշիլների ոչ մեծ խումբ բնակվել է Աջարիայի տարածքում, եւ 20-ական թվականներին կազմել է 600 մարդ: 1944 թվականին Աջարիայի հեմշիլները թուրք-մեսխեթների եւ քուրդ-քուրմանջալուների հետ մեկտեղ արտաքսվել են Ղրղզըստան եւ Ղազախստան: 70-ական թվականներին հեմշիլների մի մասը վերաբնակվել է Կրասնոդարի մարզում եւ այսօր բնակվում է Ապշերոնի, Բելոռեչենսկու եւ այլ շրջաններում (շուրջ 1000 մարդ): Տվյալ խմբի էթնիկ պատկանելիության խնդիրը կապված է քաղաքական նյուանսների հետ` նրա ներկայացուցիչների հիմնական մասի բնակեցման արեալում: Թուրքիայի հեմշիլները գիտակցում են իրենց էթնիկ եւ լեզվային տարբերությունը թուրքերից, սակայն թուրքական պետության քաղաքականությունը ճնշում է նրանց էթնիկ ինքնագիտակցության կայացման ձգտումները: Ռուսաստանում բնակվող հեմշիլները ճանաչում են համշենների հայկական համայնքին իրենց հարազատությունը»: