12 նոյեմբերի 2012 - 10:44 AMT
«Շախտյորը» դոնեցկյան դերբիում 4:0 հաշվով հաղթանակ է տարել «Մետալուրգի» նկատմամբ

Ուկրաինայի առաջնության առաջին շրջանն ավարտված է: Դոնեցկի «Շախտյորը» 15 խաղերում չի կորցրել ոչ մի միավոր: 15-րդ տուրում Միրչա Լուչեսկուի սաները վստահ հաղթանակ են տարել Դոնեցկի «Մետալուրգի» նկատմամբ:

«Շախտյորը» հաղթանակ է տարել 4:0 հաշվով: Այս խաղում դուբլի հեղինակ է դարձել հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, մեկական գոլ են խփել Էդուարդո դա Սիլվան և Ալեքս Տեյշեյրան:

«Շախտյորը» 45 միավորով վստահ առաջատար է մրցաշարային աղյուսակում, իսկ «Մետալուրգը», որտեղ հանդես են գալիս մի քանի հայ ֆուտբոլիստներ, 19 միավորով 10-րդ տեղում է:

«Դա մեզ համար շատ կարևոր խաղ էր: Անպայման հաղթանակ էր պետք «Չելսիի» հետ խաղից հետո մասնագետների կարծիքը հաստատելու համար: Այդ հաղթանակը կօգի մեզ հաջորդ հանդիպմանը նախապատրաստվելու ժամանակ, մասնավորապես «Նորդշելանդի» հետ: Գոհ եմ խաղից, հատկապես առաջին խաղակեսից: Այն ինչ ցանկանում էինք, մեզ մոտ ստացվեց»,- խաղից հետո ասել է «Շախտյորի» մարզիչ Միրչա Լուչեսկուն:

«Մետալուրգի» գլխավոր մարզիչ Յուրի Կրասնոժանը նշել է, որ բարդ էր ինչ-որ բան ձեռնարկել «Շախտյորի» դեմ: