12 նոյեմբերի 2012 - 12:37 AMT
Վարդան Ղուկասյանի որդին կամովի ներկայացել է ոստիկանություն

Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդի Սպարտակ Ղուկասյանը նախօրեին կամովի ներկայացել է ոստիկանություն: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել է ՀՀ Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը: Նրա խոսքով` Սպարտակ Ղուկասյանը բերման է ենթարկվել նոյեմբերի 10-ին: Այլ մանրամասների մասին կտեղեկացվի լրացուցիչ:

Նշենք, որ Ս. Ղուկասյանը հետախուզվում էր Գյումրիում ծեծի ու կրակոցների գործի շրջանակներում, նրա դեմ մեղադրանք է առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասով՝ զենքի գործադրմամբ կատարված խուլիգանություն և 235 հոդվածի առաջին մասով՝ ապօրինի զենք, զինամթերք ձեռք բերելը, պահելը, կրելը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 24-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Գյումրու Սայաթ-Նովա և Ռուսթավելու փողոցների խաչմերուկում գտնվող «Հրաշքների աշխարհ» սրճարանի դիմաց տեղի է ունեցել վիճաբանություն: Վիճաբանողները կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգն ու բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության հանդեպ` ծեծի են ենթարկել միմյանց, խուլիգանական հայհոյանքներ տվել, կրակոցներ արձակել: Վիճաբանությանը, ըստ նախաքննության տվյալների, մասնակցել են Գյումրու բնակիչ Սպարտակ Ղուկասյանն ու քաղաքի ավագանու անդամի թեկնածու Էդգար Մկրտչյանը` իրենց ընկերների հետ:

Փաստի առթիվ օգոստոսի 27-ին Շիրակի մարզի քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ` ՀՀ քր. օր-ի 258 հոդվածի 4-րդ և 235 հոդվածի 1-ին մասերով: