12 նոյեմբերի 2012 - 13:18 AMT
Տրայան Հրիստեան` ԵՄ մուտքի վիզաների տրամադրման գործընթացի պարզեցման մասին. Հայաստանը մեծ երկիր չէ, գործընթացն արագ կընթանա

Հայաստանում է Եվրամիության խորհրդատվական խումբը` դեսպան Տրայան Հրիստեայի գլխավորությամբ: Պատվիրակության նպատակը Հայաստանի համար ԵՄ մուտքի արտոնագրերի տրամադրման գործընթացի պարզեցման մասին լրացուցիչ տեղեկություններ տրամադրելն է:

«Հայաստանը մեծ երկիր չէ, և գործընթացը համեմատաբար հեշտ և արագ կընթանա», - ասաց Տրայան Հրիստեան` անդրադառնալով մի քանի երկրներում նույն գործընթացի ձգձգմանը:

ԱԳՆ-ում ԵՄ բաժնի պետ Մհեր Մարգարյանի խոսքով՝ կենսաչափական անձնագրերի մասով համաձայնագրում որևէ կետ ներառված չէ:

«Բայց այդ անձնագրերով ճամփորդելը հետագայում հնարավոր է ավելի հեշտ լինի», - ասաց նա:

ԱԳ փոխնախարար Զոհրաբ Մնացականյանի խոսքով՝ համաձայնագրի ստորագրումը նախատեսվում է դեկտեմբերին, վավերացման գործընթացը փոքր-ինչ երկար կտևի, կստեղծվի համատեղ կոմիտե` դիտարկման նպատակով, կսահմանվի վիզաների ստացման համար անհրաժեշտ լրացուցիչ փաստաթղթերի միասնական ցանկը:

ԵՄ և Հայաստանը մուտքի արտոնագրերի դյուրացման համաձայնագրի շուրջ բանակցությունները նախաստորագրել են հոկտեմբերի 18-ին, Բրյուսելում: Համաձայնագրի նպատակն է դյուրացնել ՀՀ քաղաքացիներին կարճաժամկետ մուտքի արտոնագրերի տրամադրման գործընթացը (մինչև 180 օր մնալու համար): Այս համաձայնագրով մուտքի արտոնագրերի վճարը կնվազի մինչև 35 եվրո` բոլոր քաղաքացիների համար: Որոշակի խմբերի համար (աշակերտներ, ուսանողներ, գիտաշխատողներ, լրագրողներ և այլն) կպարզեցվեն ճամփորդության նպատակը հիմնավորող փաստաթղթերը: Կկրճատվեն բոլոր տեսակի մուտքի արտոնագրերի ուսումնասիրության համար պահանջվող ժամկետները: