12 նոյեմբերի 2012 - 20:18 AMT
Բազմազավակ հայրը պահանջում է պատժել իր երեխային անհրաժեշտ օգնություն ցույց չտված բժիշկներին

Մարդու իրավունքների պաշտպանին է դիմել Զավեն Հովսեփյանը, ովպատմել է, որ իր կինը զույգ երեխա էր սպասում, հղիության չորրորդ ամսում երեխաներից մեկը մահացել էր: «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում հրաժարվել էին հեռացնել պտուղը` պնդելով, որ մյուսը լրիվ առողջ է և անհրաժեշտություն չկա հեռացնելու: Մինչդեռ նա մտավախություն է ունեցել, որ մյուս երեխան հնարավոր է՝ ծնվելուց հետո առողջական խնդիրներ ունենա:

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից հայտնում են, որ երեխան ծնվելուց հետո երկու բարդ վիրահատություն է տարել` 3 ամսեկանում սրտի վիրահատություն, իսկ 8 ամսեկանում `գլխի վիրահատություն: Այդ ամիսների ընթացքում վիրահատել են նաև կնոջը:

Զավեն Հովսեփյանը պահանջում է, որ իր կնոջ հղիության ընթացքի համար պատասխանատու բոլոր բժիշկները ստանան իրենց արժանի պատիժը: Այդ պահանջով դիմել է Առողջապահության նախարարություն, սակայն ապարդյուն:

Հոկտեմբեր ամսին Զավեն Հովսեփյանը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին և դիմումի մեջ ներկայացրել պատմությունը: Մատնանշել, որ կինը հղիության վերջին չորս ամիսների ընթացքում չորս անգամ դոպլեր հետազոտություն է անցել, սակայն բժիշկներ այդպես էլ ոչ մի կասկածելի բան չեն հայտնաբերել երեխայի մոտ:

Զավենն ունի չորս անչափահաս զավակ, ընտանիքն ապրում է վարձով, սոցիալապես ծանր պայմաններում: «Հիվանդանոցային և բուժման ծախսերը հոգալու համար այլևս պարտք անելու տեղ չի մնացել», իր դիմումի մեջ նշել էր Հովսեփյանը:

Պաշտպանը Զավեն Հովսեփյանի խնդրի կապակցությամբ գրություն է ուղարկել Առողջապահության նախարարություն, որտեղից ի պատասխան հայտնել են, որ Զավեն Հովսեփյանի կնոջ բուժօգնության տրամադրման գործընթացն ուսումնասիրելու համար հոկտեմբերի 30-ին ստեղծվել է հանձնաժողով, իսկ հանձնաժողովի ուսումնասիրության արդյունքների մասին լրացուցիչ կտեղեկացնեն Պաշտպանին:

Անցյալ շաբաթ Զավենը կրկին եկել էր Պաշտպանի գրասենյակ և հայտնել, որ երեխայի վիճակը կրկին վատացել է, և նրան տեղափոխել են հիվանդանոց: