13 նոյեմբերի 2012 - 10:43 AMT
Մինչև 10տ շախմատի աշխարհի առաջնությունում Շանթ Սարգսյանը բարձրացել է 2-րդ տեղը

Պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի առաջնությունում, որն ընթանում է Մարիբորում (Սլովենիա), նոյեմբերի 12-ին կայացել են երկու տուրեր: Մինչև 18 տարեկան տարիքային կարգում շարունակում է վստահ հանդես գալ հայ գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը: Նա 5-րդ տուրում հաղթել է Բենջամին Բոկին (Հոլանդիա), այնուհետև 6-րդ տուրում կիսել է միավորները Դարիուշ Սմիերցի (Լեհաստան) հետ: Գաբուզյանը հավաքել է 5 միավոր և զբաղեցնում է 4-րդ տեղը: Առաջնությունը գլխավորում է իսպանացի Դավիդ Գուիջարոն, ով նույնպես ունի 5 միավոր:

Միջազգային վարպետ Կարեն Գրիգորյանը երկու պարտիաներում ոչ ոքի է խաղացել: Նա միավորները կիսել է Գուիջարոյի և Մատիաս Բլուեբաումի հետ (Գերմանիա): Գրիգորյանը 4,5 միավորով իջել է 9-րդ տեղը:

Շանթ Սարգսյանը (մինչև 10 տարեկան) 5.5 միավորով զբաղեցնում է 2-րդ տեղը: Առաջնությունը գլխավորում է Հոի Նգույենը (Վիետնամ): Տիգրան Հարությունյանը (մինչև 16 տարեկան) 5 միավորով 6-րդ տեղում է: Նա առաջնության առաջնորդ Յուրի Ելիսեևին (Ռուսաստան) զիջում է 0.5 միավորով:

Հայաստանն առաջնությունում մինչև 8, 10, 12, 14, 16 և 18 տարեկան տարիքային կարգերում ներկայացնում են ևս 12 շախմատիստներ:

Առաջնությունն ընթանում է շվեյցարական համակարգով 11 փուլերով: