7 մայիսի 2005 - 09:33 AMT
ՀԱԿԱՀԱՅԿԱԿԱՆ ՄԻՋԱԴԵՊԵՐԸ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ԻՆՉ-ՈՐ ՉԱՓՈՎ ՈԳԵՇՆՉՎՈՒՄ ԵՆ ՌՈՒՍԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ
Հակահայկական միջադեպերը Ռուսաստանում ոչ միայն չեն համդիպում հակազդեցության ռուսական իշխանությունների կողմից, այլ նաեւ որոշ չափով ոգեշնչվում են նրանց կողմից: Այդ մասին OpenArmenia.com ինտերնետ կայքում տված օն-լայն հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի գլխավոր խմբագիր Տիգրան Թավադյանը: Սակայն, նրա խոսքերով, անհրաժեշտ է հստակ պարզաբանել, թե ինչ ենք հասկանում ասելով «ռուսական իշխանություններ»` նախագահին, կառավարությանը կամ նահանգապետներին: Այսօրվա դրությամբ Ռուսաստանում կան եւ ազգամիջյան հարաբերությունների տեսակետից բավականին բարեհաջող շրջաններ, կան նաեւ այնպիսիք, ինչպիսին Կրասնոդարի մարզն է: Ուղղակի տվյալ պահին Ռուսաստանում չկա ուժեղ եւ կայուն իշխանություն, որը կկարողանար կանխել վերջերս Նովոռոսիյսկում տեղի ունեցած միջադեպի նման իրադարձությունները, կամ գոնե պատժել մեղավորներին: Տիգրան Թավադյանը հիշեցրեց եւս մեկ դեպքի մասին: Նրա խոսքերով, անցյալ տարի հոկտեմբների 17-ին նշվում էր Բուդյոնովսկի հոբելյանը, որը հիմնվել է դեռեւս 1799 թվականին եւ որտեղ ղարաբաղցի հայերը հուշարձան էին կանգնեցրել ի հիշատակ քաղաքի հիմնադիր հայերի: Այնտեղ էլ առանց միջադեպի չանցավ, բարբարոսների կողմից վնասվեց հուշարձանը, որոնք անհայտ մնացին: Սակայն, այսօրվա դրությամբ հուշարձանը վերականգնվել է: «Այդ պայմաններում զարմանալի է այն եռանդը, որով Կրասնոդարի մարզի ոստիկանության աշխատակիցները ցուցաբերեցին ապրիլի 24-ին նախորոդող երկու շաբաթվա ընթացքում, տառացիորեն ահաբեկեցին մեր խմբագրությունը, փորձելով պարզել նախատեսում ենք մենք «ագրեսիվ ակցիաներ» կազմակերպել Նովոռոսիյսկում Թուրքիայի գլխավոր հյուպատոսության առջեւ Հայոց ցեղասպանության 90-ամյակի կապակցությամբ»,-ավելացրեց նա: Մինչդեռ Թավադյանը նշել է, որ Ռուսաստանում տեղեկացված են այն մասին, որ Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական գործընկերն է, սակայն միեւնույն ժամանակ հստակ տարանջատում են Հայաստանը եւ Հայաստանի հայերին Ռուսաստանի հայերից, որոնք ըստ բազմաթիվ տեղաբնակների, «եկել-լցվել են» Ռուսաստան: