7 մայիսի 2005 - 11:25 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ
Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորական ուղերձ է հղել հայ ժողովրդին Հաղթանակի տոնի առթիվ: Ուղերձում մասնավորապես ասված է. «Սիրելի հայրենակիցներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ Հաղթանակի եւ խաղաղության տոնի կապակցությամբ: Մենք դիմավորում ենք փառահեղ հոբելյան` Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 60-րդ տարեդարձը: Այդ հաղթանակով ու խաղաղությամբ էր պայմանավորված Հայաստանի հետագա վերելքը: Խորհրդային բանակի շարքերում հայորդիները տվել են անձնազոհության եւ սխրանքի բացառիկ օրինակներ: Նաեւ դաշնակիցների զորքերում, պարտիզանական ջոկատներում, դիմադրության շարժման մեջ ու թիկունքում հայության բոլոր հատվածներն ունեցել են իրենց ծանրակշիռ ավանդը: Առանձին ջերմությամբ շնորհավորում եմ մեր վետերաններին, որոնք պատվով դիմագրավեցին դաժան փորձությունը եւ պաշտպանեցին երկիրը ֆաշիզմի արհավիրքից: 1992 թվականին մեր պատմական մայիսյան հաղթանակներին միացավ նորը` Շուշիի ազատագրումը: Մեզ պարտադրված պատերազմում եւս մեկ անգամ ապացուցեցինք, որ միշտ պատրաստ ենք պաշտպանել մեր ժողովրդի խաղաղ ապրելու իրավունքը: Կրկին շնորհավորելով բոլորիս այս մեծ տարեդարձի առթիվ` մաղթում եմ խաղաղություն: Մեր նվիրումը հայրենիքին պիտի դրսեւորվի նոր սերունդ կրթելու եւ նոր երկիր կառուցելու ստեղծարար աշխատանքով»: