
Արարատի մարզի մանկապարտեզում արձանագրված սննդային թունավորման դեպքի կապակցությամբ իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքում հայտնաբերվել են մի շարք խախտումներ։ Այս մասին հայտնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից: Շրջակա միջավայրից վերցված լվացուկներում հայտնաբերվել են աղիքային ցուպիկի խմբի մանրէներ և ոսկեգույն ստաֆիլակոկ, որոշ սննդամթերքում` աղիքային ցուպիկի խմբի մանրէներ: Արձանագրված լաբորատոր շեղումները փաստում են, որ երեխաների մոտ սննդային թունավորումն առաջացել է մանկապարտեզում սանիտարահիգիենիկ կանոնների և հակահամաճարակային ռեժիմի խախտման հետևանքով առաջացած երկրորդային մանրէային աղտոտվածության արդյունքում: Ներկայումս բոլոր հիվանդներն առողջացել և դուրս են գրվել:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 6-ին Արարատի մարզում սննդային թունավորում ախտանիշով հիվանդանոց էր տեղափոխվել 13 երեխա: