13 նոյեմբերի 2012 - 17:34 AMT
Երիտասարդական նվագախումբը Շուման և Շոստակովիչ կկատարի 17-ամյա դաշնակահար Յան Լիշեցկու հետ

Նոյեմբերի 17-ին` ժամը 19:30-ին, Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում տեղի կունենա Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի և մենակատար դաշնակահար Յան Լիշեցկու համատեղ համերգը:

17-ամյա երաժիշտը արդեն իսկ հասցրել է գրավել աշխարհի հեղինակավոր համերգասրահների հանդիսատեսին` ներկայանալով ավելի քան 100 համերգով այնպիսի նվագախմբերի հետ, ինչպիսիք են Փարիզի, BBC սիմֆոնիկ, Լայպցիգի սիմֆոնիկ, Տորոնտոյի սիմֆոնիկ, Մոնրեալի Մետրոպոլիտեն և այլ հանրահայտ նվագախմբերը:

Երիտասարդական նվագախմբի և հեղինակավոր Դոյչե գրամոֆոն (Deutsche Grammophon) ստուդիայի և Այ Էմ Ջի Արթիսթս (IMG Artists) երաժշտական գործակալության արտիստ, կանադացի դաշնակահար Յան Լիշեցկու կատարմամբ հանդիսատեսը կվայելի Ռոբերտ Շումանի Դաշնամուրային կոնցերտը և Դմիտրի Շոստակովիչի Թիվ 10 Սիմֆոնիան:

Համերգի դիրիժորն է Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը, տեղեկացնում է Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հասարակայնության հետ կապերի բաժինը:

Այսուհետ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի բոլոր համերգների յուրաքանչյուր գնված տոմսի հասույթի 10%-ը նվիրաբերվելու է «Նվիրի'ր կյանք» բարեգործական հիմնադրամին, որն իր ամբողջ ներուժն ուղղում է քաղցկեղով և արյան հիվանդություններով տառապող հայ մանուկների փրկությանը: