14 նոյեմբերի 2012 - 12:31 AMT
Զարուհի Փոստանջյանը՝ Քոչարյանի հայտարարության մասին. Ամեն ինչ ակնհայտ է

ԲՀԿ-ն դեռ պետք է կողմնորոշվի՝ որ դաշտում է գտնվում: Ըստ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի՝ ԲՀԿ-ն իրեն ոչ իշխանություն, ոչ էլ ընդդիմություն է հռչակել, և պատգամավորը այն չի տարանջատում իշխանությունից, որովհետև տարիներ շարունակ լինելով իշխանության մեջ՝ նրանք նույնիսկ հնարավորություն չունեն այդքան հեշտ ազատվել այդ կոալիցիայից: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Զարուհի Փոստանջյանը նշեց, որ սա է պատճառը, որ ԲՀԿ-ն չի կարող իրեն ընդդիմադիր հռչակել: Զարուհի Փոստանջյանը չի բացառում, որ մոտ ապագայում ԲՀԿ-ն պաշտոնապես հայտնվի իշխանության մեջ:

««Բարգավաճ Հայաստան» քաղաքական կազմակերպությունը երկրորդ և երրորդ նախագահների ծրագիրն է, որը իրականացնում են դաշտը իրենց տիրապետության տակ պահելու համար, թյուր կարծիք չպետք է տարածել, որ այս անձինք իրարից անկախ են գործում»,- ընդգծեց «Ժառանգության» պատգամավորը: Զարուհի Փոստանջյանի համոզմամբ՝ ԲՀԿ-ն չի կարող լինել անկեղծ: «Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարում, է, որ իր ստվերը պետք չէ փնտրել ԲՀԿ-ի մեջ, պետք չէ մեծ տեսողություն ունենալ դա նկատելու համար, դա հասկանալի է»,- ասաց պատգամավորը: