14 նոյեմբերի 2012 - 14:57 AMT
Ադրբեջանը հիստերիայի մեջ է Ուրուգվայի խորհրդարանի խոսնակի Արցախ կատարած այցելության պատճառով

Ինչպես սպասվում էր, Ադրբեջանում «չափազանց ակտիվ» են արձագանքել Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի Խորխե Օրիկոյի գլխավորած պատվիրակության այցին Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Ադրբեջանը շատ օպերատիվ բողոքի նոտա է հղել Ուրուգվային: Ինչպես հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էլման Աբդուլաևը, Արգենտինայում Ադրբեջանի դեսպանատանը հանձնարարվել է բողոքի նոտան հանձնել Ուրուգվայի ԱԳՆ:

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 13-ին ընդունել է Ուրուգվայի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի պատվիրակությանը` կառույցի ղեկավար Խորխե Օրիկոյի գլխավորությամբ:

Հանդիպմանը քննարկվել է երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ:

Բակո Սահակյանը նշել է, որ Արցախն ու Ուրուգվայը բարեկամ երկրներ են, որոնք ունեն բազմաթիվ նմանություններ թե իրենց պատմության, թե պետականաշինության փիլիսոփայության տեսանկյունից, ինչը բարենպաստ նախադրյալներ է ստեղծում երկու պետությունների միջեւ փոխգործակցության զարգացման համար: Նախագահ Սահակյանը բարձր է գնահատել Ուրուգվայի ներդրումը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, ինչպես նաեւ նրա հավասարակշռված քաղաքականությունն Արցախի Հանրապետության ճանաչման եւ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում:

Հանդիպումից հետո Ուրուգվայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովի անդամ Ռուբեն Մարտինես Ուելմոն լրագրողներին հայտարարել է, որ Ուրուգվայը կարող է դառնալ առաջին երկիրը, որը կճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Միաժամանակ, նա նշել է, որ ճանաչումը քաղաքական գործընթաց է և պետք է ընթանա աստիճանաբար:

Խոսելով ուրուգվայական պատվիրակության Ղարաբաղ կատարած այցի մասին` Ուելմոն հայտարարել է, որ դրա համար առանձնահատուկ քաջություն պետք չէ: «Դա ընդամենը մեկ քայլ է»,- ասել է նա: