11 մայիսի 2005 - 08:07 AMT
Է. ՄԱՄԵԴՅԱՐՈՎ. ԱԼԻԵՎԻ ԵՎ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՈՐԵՎԷ ՓԱՍՏԱԹՂԹԻ ՍՏՈՐԱԳՐՈՒՄ ՉԻ ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ
Նախօրեին Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է լրագրողներին, որ լուրերն այն մասին, թե, իբր, Վարշավայում Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հանդիպման ժամանակ ինչ-որ խաղաղ պայմանագիր է ստորագրվելու, անհիմն են: Նրա խոսքերով, նախագահների հանդիպման ժամանակ որեւէ փաստաթղթի ստորագրում չի նախատեսվում: «Վերջին բանակցությունների ժամանակ խոսք չի գնացել որեւէ համաձայնագրի մասին: Լոնդոնի եւ Ֆրանկֆուրտի բանակցությունները Պրահայի գործընթացի շարունակությունն են հանդիսանում: Մենք առանձնազրույց ենք ունեցել Մինսկի Խմբի համանախագահների հետ, այդ հանդիպումների ժամանակ նախանշվել են հետագայում անցկացվելիք կոնկրետ աշխատանքների շրջանակները: Հաջորդ շաբաթ Վարշավայում նախատեսվում է հանդիպում նախագահների մակարդակով, որից հետո հայտնի կդառնա առաջիկա աշախատանքների ուղղությունը»,-ասել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը: Նա նշել է, որ Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահները վերջին անգամ հանդիպել են Աստանայում: «Անցած ժամանակահատվածում մենք մեծ աշխատանք ենք կատարել արտգործնախարարների մակարդակով: Վարշավյան հանդիպման ընթացքում գնահատական կտրվի Պրահայի գործընթացի շրջանակներում կատարված աշխատանքին: Դրանից հետո նախագահները մեզ ցուցումներ կտան, թե որ ուղղությամբ կառուցենք մեր հետագա աշխատանքը»,-ասել է Է.Մամեդյարովը, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: