
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը լիազորված է եղել իր կուսակցության անունից քաղաքական խորհրդատվությունների վերաբերյալ առաջարկություններ ներկայացնել, իսկ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, ստանալով ԲՀԿ պաշտոնական առաջարկը, դրական է արձագանքել:
PanARMENIAN.Net-ի թղաթակցի հետ զրույցում Նաիրա Զոհրաբյանը չցանկացավ մեկնաբանել «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հայտարարությունը, թե ինքը քաղաքական քննարկումներ սկսելու վերաբերյալ անհատ քաղաքական գործչի հայտարարությունը ԲՀԿ պաշտոնական կարծիքը չի համարում: «Միգուցե տիկին Զոհրաբյանի բարի և անկեղծ ցանկությունն է, բայց սա ընկալել որպես քաղաքական կուսակցության կարծիք, տեղին չէ: Դրա համար այդ տեսակետը պետք է լիներ կուսակցության ծրագրային դրույթ, կուսակցությունը պետք է հայտարարեր դրա իրագործման ուղիները»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել էր Զարուհի Փոստանջյանը: Ըստ ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանի՝ Զարուհի Փոստանջյանը «Ժառանգության» պաշտոնական կարծիքը հայտնելու լիազորություն չունի: «Բնականաբար,ես լիազորված եմ եղել հայտարարություն անել բացառապես ԲՀԿ-ի անունից, և հանդիպումները բոլոր կուսակցությունների հետ կրել են պաշտոնական բնույթ: Ես պաշտոնապես դիմել եմ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանին, նա պաշտոնապես ինձ պատասխանել է, որ ընդունում է մեր առաջարկը, և պաշտոնական հանդիպումը կայացել է»,- ընդգծեց Նաիրա Զոհրաբյանը:
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը PanARMENIAN.Net-ի թղաթակցին ասաց, որ իրենք ԲՀԿ-ի կողմից պաշտոնական հանդիպման առաջարկ են ստացել և ընդունել են այն: «Ամբողջ քաղաքական դաշտը կունսուլտացիաներ է անում ԲՀԿ-ի հետ: Չեմ կարծում եմ, որ որևէ խնդիր է առաջացել և մեր դեպքում էլ չկա»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը:
Հիշեցնենք, որ «Ժառանգության» ներկայացուցիչների հանդիպմումը ԲՀԿ-ի ներկայացուցիչների հետ, Զարուհի Փոստանջյանը մեկնաբանել էր այսպես. «Տիկին Զոհրաբյանը եկել է, թակել մեր դուռը: Մենք էլ բացել ենք, ընդունել և զրուցել»: