11 մայիսի 2005 - 11:11 AMT
ՀԱՊԿ ԵՐԿՐՆԵՐԸ ԱՌԱՋԱՐԿԵԼ ԵՆ ԹՄՐԱՆՅՈՒԹԵՐԻ ԴԵՄ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ
Որպես լրացում ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրին` Ռուսաստանը եւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մեջ ընդգրկված հետխորհրդային պետությունները (Հայաստան, Բելառուս, Ղրղզըստան, Ղազախստան,Տաջիկստան) առաջարկել են թմրանյութերի դեմ գործընկերության ծրագիր, տեղեկացնում է Կրեմլ. org: Այսօր` մայիսի 11-ին Վիենայում անցկացվող Անվտանգության բնագավառում համագործակցության հարցերով ԵԱՀԿ համաժողովին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան դիմել է եվրոպական երկրներին եւ ՆԱՏՕ-ի անդամ պետություններին` կոչ անելով միանալ վերոհիշյալ պետությունների տարածքներում պարբերաբար անցկացվող «Կանալ» օպերատիվ-պրոֆիլակտիկային օպերացիային` թմրանյութերի, պսիխոտրոպ նյութերի մաքսանենգության երթուղիների փակման ուղղությամբ: «Նարկոտրաֆիկն ունիվերսալ սպառնալիք է, եւ ոչ ոք չպետք է անտարբեր լինի այդ խնդրի նկատմամբ»,- հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը: Թմրանյութերի անօրինական շրջանառության խնդիրը, ընդգծել է Ն.Բորդյուժան, ՀԱՊԿ գլխավոր ուղղություններից մեկն է: Թմրանյութերի վերահսկողության հարցերում համատեղ գործողությունների արդյունավետության բարձրացման նպատակով ՀԱՊԿ քարտուղարությանը կից ստեղծվել է ՀԱՊԿ անդամ երկրների հակաթմրանյութային կառույցների ղեկավարների համակարգող խորհուրդ: Կազմակերպությունն ընդունել է Թմրանյութերի սպառնալիքի դեմ պայքարում միջոցառումների միասնական ծրագիր, եւ դրա շրջանակներում նախաձեռնել է մի շարք պրակտիկ հավաքական գործողություններ: Բավականին արդյունավետ է անցկացվել 2003 եւ 2004 թվականներին անցկացված «Կանալ» օպերացիաները, որոնց ընթացքում ՀԱՊԿ վեց անդամ երկրների հատուկ ծառայությունների եւ իրավապահ մարմինների համակարգող գործողություններով առգրավվել է շուրջ հինգ տոննա թմրանյութ, բացահայտվել է թմրանյութերի մաքսանենգության հետ կապված ավելի քան 4 հազար հանցագործություն, առգրավվել է մի քանի հարյուրյակ հրազեն եւ պայթուցիկ սարքավորումներ: «Մի քանի ամիս առաջ մենք արդեն առաջարկությամբ դիմել ենք անմիջապես ՆԱՏՕ-ի պետություններին, որպեսզի նրանք միանան «Կանալ» օպերացիային»,- տեղեկացրել է Ն.Բորդյուժան: «ՀԱՊԿ պատրաստ է սերտորեն փոխգործակցել բոլոր շահագրգիռ միջազգային կազմակերպությունների եւ երկրների հետ` ի շահ տարածությունում եւ աշխարհում անվտանգության եւ կայունության ապահովման»,- Վիենայում ելույթ ունենալիս ընդգծել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: