14 նոյեմբերի 2012 - 17:35 AMT
ՀԱԿ-ԲՀԿ միասնական թեկնածու. հնարավոր համագործակցության իրական նպատակներն ու պատճառները

Նախագահական ընտրությունների նախաշեմին քաղաքական դաշտի ընդդիմադիր հռչակված և այդպիսի կեցվածք որդեգրած մի քանի քաղաքական ուժեր հանդիպումներ ու քննարկումներ են անցակցնում՝ երկրում համակարգային փոփոխություններ անելու համար: Իսկ նախագահական ընտրություններին իրենց մասնակցության և թեկնածուների մասին առայժմ հստակ հայտարարություններ չկան: Ըստ քաղաքագետ Արմեն Աղայանի՝ Հայաստանի քաղաքական դաշտի բոլոր ընդդիմադիր ուժերը գործնականում նախագահի այնպիսի թեկնածու չունեն, որը այս պահին կարող է լուրջ փոփոխության հույս ներշնչել: «Գլխավոր թեկնածուն, այնուամենայնիվ, նա կլինի, ում կպաշտպանի ԲՀԿ-ն: Իսկ թե ով կլինի նա, այս պահին երկրորդական է: Այդ թեկնածուն ընդամենը պետք է փորձի «Բարգավաճի» կշիռը ավելացնել, սակայն, նույնիսկ, եթե ընտրությունները շատ արդար կազմակերպվեն, այդ թեկնածուի՝ նախագահ ընտրվելու հավանականությունը քիչ է»,- PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արմեն Աղայանը:

Հիշեցնենք, որ օրերս ՀԱԿ-ԲՀԿ միասնական թեկնածուի գաղափարին նոր ազդակ հաղորդեց ՀԱԿ ներկայացուցիչ Լևոն Զուրաբյանը: ԲՀԿ-ի հետ հանդիպումից հետո Զուրաբյանը հայտարարեց, թե չի բացառում, որ գալիք նախագահական ընտրություններում ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն հանդես գան միասնական թեկնածուով:

«Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ ՀԱԿ-ի հետ հանդիպման ժամանակ անձերի վերաբերյալ քննարկում չի եղել: «Անձերի վերաբերյալ քննարկումներն այս փուլում միայն կարող են վնասել գործընթացին: Այս պահին դա նպատակահարմար չէ»,- նկատեց ԲՀԿ-ական պատգամավորը:

Քաղաքագետ Արմեն Աղայանը կարծում է, որ թեկնածուների առաջադրման այս ամբողջ պատմությունն ընդամենը վերաբերում է այն բանին, թե ինչ կշիռ կունենա ԲՀԿ-ն ՀՀԿ-ի համեմատ: Արմեն Աղայանը նկատեց, որ այս համատեքստում ԲՀԿ-ին ձեռնտու է, որ իր կշիռը որոշ չափով ավելացնեն այն կուսակցությունները, որոնց ընտրազանգվածը ԲՀԿ-ին չէր քվեարկի: Քաղաքագետը հիշեցրեց, որ ավանդական ընդդիմությունը ժամանակին դեմ էր Քոչարյանի ռեժիմին և հիմա էլ այս կամ այն չափով դեմ է Սարգսյանի ռեժիմին ու ԲՀԿ-ին էլ ինչ-որ չափով համարում է դրա ներկայացուցիչ: «ՀԱԿ-ի հետ համագործակցելը բխում է ԲՀԿ-ի շահերից՝ ընդդիմադիր ընտրազանգվածին գրավելու տեսանկյունից և մի քիչ ավելի շատ ձայներ հավաքելու առումով: Նույնը նաև ՀՅԴ-ի հետ համագործակցության դեպքում է»,- նկատեց Արմեն Աղայանը: Նա ասաց, որ Կոնգրեսի թեկնածուն երբեք 20 տոկոս չի հավաքի, իսկ ցանկացած ավելի քիչ տոկոս հավաքելը նշանակելու է, որ ՀԱԿ-ը գնալով մարում է: Հետևաբար, նրանց նույնպես ձեռնտու է ինչ-որ ձևով ԲՀԿ-ին սատարելը: «Դրա համար էլ ՀԱԿ-ը պետք է ամեն ինչ անի, որպեսզի մարդկանց թվա, թե ԲՀԿ-ն այնքան էլ Ռոբերտ Քոչարյանը չէ և ԲՀԿ-ի հետ հնարավոր է գոնե մարտավարական համագործակցություն»,- ասաց Արմեն Աղայանը: Քաղաքագետը վստահեցրեց, որ այս դաշինքը եթե կայանա էլ, որևէ ձևով չի առնչվելու ազգային խնդիրների հետ և որևէ հարց չի լուծելու: Միևնույն ժամանակ, եթե դաշինքը չկայանա, դրանից էլ որևէ ձևով մեր խնդիրները չեն պակասելու: