15 նոյեմբերի 2012 - 09:42 AMT
«ՀԺ». Ռուբեն Հայարապետյան. Բժշկին աշխատանքից ազատել է «Փյունիկ» ակումբի տնօրենը, ես այդ ամենի հետ կապ չունեմ

Երեկ կայացած ֆուտբոլի ազգային հավաքականների Հայաստան-Լիտվա հանդիպման ժամանակ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը պատասխանել է «Հայկական ժամանակ» թերթի թղթակցի հարցերին՝ նախօրեին տարածված այն տեղեկության առնչությամբ, ըստ որի՝ կիրակի օրը, Հայաստանի ֆուտբոլի առաջնության «Գանձասար»–«Փյունիկ» խաղից հետո ֆուտբոլի ֆեդերացիայում Հայրապետյանը ծեծել է «Փյունիկ» ակումբի բժիշկ Վարդան Հովասափյանին։

«Հերթական հերյուրանքներն է իմ հասցեին։ Ամեն ինչ խեղաթյուրում են։ Ես հերքում եմ այդ տեղեկությունները։ Նման թան չի եղել։ Մարզական կարգապահությունը խախտելու համար «Փյունիկի» տնօրենը պատժել է մի քանի աշխատակիցների՝ հեռացրել է աշխատանքից, այդ թվում՝ թիմի բժշկին։ Ես ի՞նչ կապ ունեմ»,-ասել է Հայրապետյանը։ Թերթի թղթակցի՝ «դուք էիք հայտարարել, որ մարդկանց պատժում եք ծեծելով» դիտարկմանը ՀՖՖ նախագահը պատասխանել է.«Դուք նույնպես խեղաթյուրում եք իմ խոսքերը։ Այդ հայտարարությունը ես արել եմ՝ նկատի ունենալով թմրամոլներին։ Եվ նորից եմ կրկնում՝ բժշկին, մարզիչներին աշխատանքից ազատել է «Փյունիկ» ակումբի տնօրենը։ Ես այդ ամենի հետ կապ չունեմ։

«Կարծում ենք, սակայն, որ վերոնշյալ լուրը հերքելու ամենահամոզիչ ճանապարհն այն է, որ այդ մասին լրագրողների առաջ հայտարարի «տուժող» Վարդան Հովասափյանը»,– գրում է թերթը։