15 նոյեմբերի 2012 - 16:18 AMT
Էդվարդ Նալբանդյան. Ադրբեջանում որոշ մարդիկ մնացել են 90-ականներում

Ադրբեջանում կան մարդիկ, ովքեր մնացել են նույն կայարանում, իսկ գնացքը շարժվում է: Այսօր Լատվիայի ԱԳ նախարար Էդգարս Ռինկևիչսի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն՝ անդրադառնալով Բաքվի հնչեցրած այն հայտարարությանը, թե ադրբեջանական կողմը ԼՂ հիմնախնդրի կարգավորման նոր ճանապարհային քարտեզ է առաջարկել:

«Տպավորություն է, թե Ադրբեջանում որոշ մարդիկ մնացել են 90-ականներում և փորձում են ներկայացնել այն ժամանակվա իրավիճակը, մինչդեռ բանակցային գործընթացի մեկնարկից մոտ 17 տարի է անցել», - ասաց ԱԳ նախարարը: Նա հիշեցրեց, որ Կազանում արդեն առաջարկվել էր ճանապարհային քարտեզ, իսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարները կոչ էին արել, որ առաջարկություններն ընդունվեն: «Բայց Կազանում Ադրբեջանը փաստացի մերժեց այդ առաջարկությունները», - նկատեց Էդվարդ Նալբանդյանը: Նա նաև հիշեցրեց, որ նույնը տեղի էր ունեցել դովիլյան հանդիպմանը: Ըստ Էդվարդ Նալբանդյանի՝ եթե ադրբեջանական կողմի դիրքորոշումը կառուցողական լիներ, հիմնախնդիրն ավելի վաղ հանգուցալուծում կունենար: Նա նշեց, որ պետք է ավելի իրատես և համակարծիք լինել միջազգային հանրության հետ:

Հիշեցնենք՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահները համատեղ հայտարարություն էին ուղղել կողմերին 2011 թ մայիսի 26-ին Դովիլում, Մեծ ութնյակի գագաթնաժողովի ժամանակ, որով վերահաստատել են միջազգային իրավունքի որոշ սկզբունքներ և խնդրի կարգավորման հիմնական տարրերը: Հատկապես ընդգծվել է, որ խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի, և ուժի կիրառումը խստորեն դատապարտվելու է միջազգային հանրության կողմից: 2011 թ հունիսի 24-ին Կազանում տեղի ունեցած Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումն առաջընթաց չի արձանագրել, որովհետև ադրբեջանական ղեկավարությունը հետ է կանգնել ձեռքբերված համաձայնություններից և բազմաթիվ նոր ուղղումներ է առաջարկել: