15 նոյեմբերի 2012 - 17:32 AMT
Ադրբեջանի հանդեպ Իրանի վերաբերմունքի տրամաբանությունը անհասանելի է ադրբեջանցի պաշտոնյաների համար

«Իրանի քաղաքականությունն Ադրբեջանի հարցում անհասկանալի է»,-հայտարարել է Ադրբեջանի նախագահին կից Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ֆարհադ Մամեդովը՝ պատասխանելով Արաքս գետի վրա Իրանի և Հայաստանի կողմից համատեղ ՀԷԿ-ի կառուցուման մասին հարցին, հայտնում է SalamNews-ը:

Ըստ նրա, Իրանի և Հայաստանի կողմից համատեղ ՀԷԿ-ի կառուցումն Արաքս գետի վրա Թեհրանի ու Երևանի հարաբերությունների ցուցանիշն է: «Իրանի առողջապահական կոմիտեի ղեկավարը կտրուկ արտահայտվեց նախագահ Ահմադինեժադի հասցեին, քանի որ 1,5-2 ամսից Իրանում կվերջանան բուժպարագաները և այդ ոլորտում լուրջ ճգնաժամ է: Իսկ այդ ժամանակ լուրջ խնդիրներ և ֆինանսների պակաս ունեցող Իրանը խոշոր ներդրումային նախագիծ է սկսում Արաքսի վրա Հայաստանի համար: Բնականաբար, դա անհասկանալի է»,-ասել է նա:

Մամեդովը գտնում է, որ Ադրբեջանի հանդեպ Իրանի վերաբերմունքի տրամաբանությունը անըմբռնելի է: ՀԷԿ-ի համատեղ կառուցումը միջպետական հարց է. «Սակայն ադրբեջանցի փորձագետները գտնում են, որ նման նախագծի իրականացման մասին որոշումն անհասկանալի է: Մի կողմից Իրանը ծանր տնտեսական ճգնաժամի մեջ է, մյուս կողմից, մասնակցում է իր համար ոչ այնքան կարևոր նախագծի»:

Նոյեմբերի 8-ին ՀՀ Սյունիքի մարզում տեղի ունեցավ ՀԷԿ-ի հիմնարկեքի արարողությունը: Հայաստանն ու Իրանը ՀԷԿ-ի շինարարության մասին համաձայնագիրը ստորագրել են 2007թ., այն վավերացվել է ՀՀ և Իրանի խորհրդարաններում 2008-ին: 2011թ. դեկտեմբերի 23-ին Հայաստանի ու Իրանի նախագահները հանձնարարել են երկու երկրների նախարարներին ձեռնամուխ լինել նախագծի գործնական իրականացմանը 2012թ.:

Հայաստանն ու Իրանը սահմանային Արաքս գետի վրա կկառուցեն Հարավային Կովկասի երկու ամենահզոր ՀԷԿ-երը՝ հայկական կողմից այն կլինի Մեղրիում, իսկ Իրանի կողմից՝ Կարաչիլարում: Շինարարությունը զուգահեռ կընթանա, ինչը թույլ կտա օպտիմալացնել ծախսերը 10-15 տոկոսով:

Կայաններից յուրաքանչյուրը տարեկան կտա 793 մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիա: Մեղրիի ՀԷԿ-ի հաշվարկային հզորությունը կկազմի 130ՄՎտ: Շինարարությունը կտևի 5 տարի, այն գնահատվում է 323 մլն դլոար, որը կներդնի Իրանական ներդրումային ընկերությունը:

Շինարարության ավարտից հետո օբյեկտը 15 տարի կշահագործի իրանական Farat-Sepasat ընկերությունը: Արտադրված էլեկտրաէներգիան կառաքվի Իրան, որի հաշվին կմարվի իրանական կողմի ներդրված գումարը: 15 տարի շահագործվելուց հետո ՀԷԿ-ը կդառնա Հայաստանի սեփականությունը: