13 մայիսի 2005 - 11:15 AMT
ՀՀ ԱԳՆ-Ն ՉԻ ՄԵԿՆԱԲԱՆԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԶԼՄ-ՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ` «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆՈՐ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ»
ՀՀ ԱԳՆ-ում PanARMENIAN.Net գործակալության թղթակցին չեն մեկնաբանել Բաքվի մամուլի տեղեկատվությունը, որ «Հայաստանը համաձայն է սկզբում ազատել Լեռնային Ղարաբաղին մերձակա յոթ շրջաններից հինգը, իսկ այնուհետեւ, բանակցությունների ընթացքից կախված, նաեւ Լաչինի եւ Քելբաջարի շրջանները»: Նշենք, որ ադրբեջանական ԶԼՄ-ները վկայակոչելով թուրքական մամուլը` տարածել են տեղեկատվություն այն մասին, որ Թուրքիայում այցելությամբ գտնվող Ադրբեջանի փոխարտգործնախարար, ղարաբաղյան հիմնահարցով Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Արազ Ազիմովը տեղեկացրել է պաշտոնական Անկարային Հայաստանի հետ խաղաղ բանակցությունների ընթացքի մասին: Ա.Ազիմովը հայտարարել է, որ Հայաստանը առաջ է քաշել նոր առաջարկություն խնդրի լուծման առնչությամբ: Տարածքների ազատման փոխարեն Հայաստանն իբրեւ թե առաջարկել, որ հինգ շրջանների ազատումից հետո Ադրբեջանը պետք է բացի Հայաստանի հետ հաղորդակցությունը եւ նորմալացնի հարաբերությունները երկու երկրների միջեւ: