16 նոյեմբերի 2012 - 15:26 AMT
Գերմանացի դերասան Ֆիլիպ Հոխմայերն այսօր ելույթ կունենա Համազգային թատրոնում

Այսօր Համազգային թատրոնի բեմում գերմանացի դերասան Ֆիլիպ Հոխմայերը կներկայացնի «Վերթեր» մոնոներկայացումը: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց գերմանացի դերասանը: Ներկայացման հեղինակն է Նիկոլաս Ստեմանը: Մուտքն ազատ է:

Ներկայացման մեջ գլխավոր հերոսը կարդում է Գյոթեի «Երիտասարդ Վերթերի տառապանքները», և տեսախցիկի միջոցով տեսագրում իր ապրումները: Սկզբում նա հեգնելով մարմնավորում է Վերթերին, հետո մտնում նրա կերպարի մեջ:

Հիշեցնենք, որ անցած տարի գարնանը Ֆիլիպ Հոխամայերը Երևանում բացեց «Արմմոնո» մոնոներկայացումների միջազգային փառատոնը: Նա միշտ ելույթ է ունենում տվյալ երկրի անունը կրող շապիկով, քանի որ գտնում է, որ դա ավելի է մերձեցնում իրեն հանդիսատեսի հետ: Նա անցած տարի խոստացավ վերադառնալ և կատարեց իր խոստումը: