Ադրբեջանը Ուրուգվային՝ Ղարաբաղի մասին. Դու ինձ հարգո՞ւմ ես

Ադրբեջանը Ուրուգվային՝ Ղարաբաղի մասին. Դու ինձ հարգո՞ւմ ես

PanARMENIAN.Net - Ադրբեջանցիներն Արգենտինայում Ադրբեջանի դեսպանատան միջոցով փոխանցել են Ուրուգվայի ԱԳՆ-ին իրենց «բողոքի նոտան»՝ կապված Ուրուգվայի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի ղեկավար Խորխե Օրիկոյի գխավորած պատվիրակության՝ ԼՂՀ կատարած այցի հետ: «Նոտայում» ադրբեջանական կողմը բողոքել է, որ նման այցը «Ադրբեջանի նկատմամբ հարգանքի բացակայության դրսևորում է, ցուցադրում է անպատասխանատվություն և վնաս հասցնում ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին»: Բաքվի դիվանագետներին, իհարկե, ավելորդ չէ հիշեցնել, որ կարգավորմանը վնաս է հասցնում Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականությունը, որը մշտապես խանգարում է բանակցություններին և անտեսում միջազգային հանրության բոլոր կոչերը, հերոսացրել է վախկոտ մարդասպանին, որը կացնով սպանել էր քնած հայ սպային:

Ավելին, ադրբեջանական ԱԳՆ-ի «բողոքի նոտայում» նշվում է, որ «դրանից առաջ Ադրբեջանի դեսպանի և Խորխե Օրիկոյի հանդիպան ժամանակ վերջինս հավաստիացրել է դեսպանին, որ տարածաշրջան այցելության ժամանակ չի այցելի Ղարաբաղ»: Այսպիսով, Բաքուն բացահայտ ստի մեջ է մեղադրում այլ երկրի խորհրդարանի խոսնակին:

Այս ամենից հետո ադրբեջանական կողմը խնդրում է «հետաքննել այդ միջադեպը և արտահայտել այս հարցի հետ կապված վերաբերմունքը»:

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 13-ին ընդունել է Ուրուգվայի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի պատվիրակությանը` կառույցի ղեկավար Խորխե Օրիկոյի գլխավորությամբ:

Հանդիպմանը քննարկվել է երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ:

Բակո Սահակյանը նշել է, որ Արցախն ու Ուրուգվայը բարեկամ երկրներ են, որոնք ունեն բազմաթիվ նմանություններ թե իրենց պատմության, թե պետականաշինության փիլիսոփայության տեսանկյունից, ինչը բարենպաստ նախադրյալներ է ստեղծում երկու պետությունների միջեւ փոխգործակցության զարգացման համար: Նախագահ Սահակյանը բարձր է գնահատել Ուրուգվայի ներդրումը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, ինչպես նաեւ նրա հավասարակշռված քաղաքականությունն Արցախի Հանրապետության ճանաչման եւ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում:

Հանդիպումից հետո Ուրուգվայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովի անդամ Ռուբեն Մարտինես Ուելմոն լրագրողներին հայտարարել է, որ Ուրուգվայը կարող է դառնալ առաջին երկիրը, որը կճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Միաժամանակ, նա նշել է, որ ճանաչումը քաղաքական գործընթաց է և պետք է ընթանա աստիճանաբար:

Խոսելով ուրուգվայական պատվիրակության Ղարաբաղ կատարած այցի մասին` Ուելմոն հայտարարել է, որ դրա համար առանձնահատուկ քաջություն պետք չէ: «Դա ընդամենը մեկ քայլ է»,- ասել է նա:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---