17 նոյեմբերի 2012 - 12:45 AMT
Հայաստանի մանուկներ հիմնադրամը Երևանում նվիրատվությունների երեկոյի ընթացքում հանգանակել է 70 հազար դոլար

Նոյեմբերի 16-ին Գաֆեսճէան արվեստի կենտրոնի հատուկ միջոցառումների սրահում տեղի ունեցավ Հայաստանի մանուկներ հիմնադրամի 3-րդ նվիրվատվությունների երեկոն: Հիմնադրամն իր բարերարներին, գործընկերներին, բարեկամներին ու շահառուներին ներկայացրեց յուրօրինակ մեկամյա հաշվետվություն՝ կարևորելով հայաստանյան այն բիզնեսների դերը, որոնք աջակցում են Հայաստանի մանուկներ հիմնադրամի ծրագրերին: Հաջողված համատեղ ծրագրերի շարքում առանձնացվեցին գործընկերությունը «Էյչ-Էս-Բի-Սի բանկ Հայաստան»-ի, «ԱրմենՏել», ՎիվաՍել-ՄՏՍ բջջային կապի օպերատորների, «Օրանժ» հիմնադրամի, Հայաստանում ԱՄՆ դեսպանության և այլ կազմակերպությունների հետ: Այս տարի հիմնադրամը նոր գործընկերություն է հաստատել Ամերիաբանկի և «Քրոնիմետ» բարեգործական հիմնադրամի հետ:

Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում նշեց Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնը, իր ներկայությունն այդ երեկոյին միայն մեկ նպատակ ունի՝ օգնել երեխաներին: «Երեխաները մեր ապագան են, և ես ողջունում եմ այս հիմնադրամի գործունեությունը, որն ուղղված է կերտելու առողջ, կրթված և բարեկեցիկ սերունդ: Բարեգործությունն իմ աշխատանքի կարևորագույն մասն է, և երջանիկ եմ այստեղ գտնվել կնոջս հետ այդ առիթով»,- նշեց նա:

Բարձրացնելով կրթության և առողջապահության որակը, ակտիվացնելով համայնքային կյանքը, բարելավելով ենթակառուցվածքներն ու տնտեսական պայմանները՝ Հիմնադրամը նպաստում է գյուղական համայնքների զարգացմանն ու առաջընթացին: Հայաստանի մանուկներ հիմնադրամի համակողմանի ծրագրային մոդելի իրագործումը սկսվել է 2004թ. և այդ ժամանակից ի վեր երեխայակենտրոն ծրագրեր են իրականացվել Արմավիր և Արագածոտն մարզերի Բաղրամյանի և Թալինի շրջանների 11 գյուղական համայնքների ավելի քան 27 հազ. բնակիչների համար:

Բացելով միջոցառումը՝ կազմակերպության հիմնադիր և խորհրդի ատենապետ Գարո Արմենը երախտիքի խոսք ուղղեց բոլոր բարերարներին և հովանավորներին, ովքեր տարիներ շարունակ աջակցում են հիմնադրամի առաքելության իրականացմանը: «Ուրախությամբ ուզում եմ փաստել, որ հիմնադրամի ամերիկյան բարերարների հետ կողք կողքի մեր աշխատանքներին են ներգրավվում հայաստանյան անհատներն ու կազմակերպությունները՝ աջակցելով այն մարդկանց, ովքեր այսօր դրա կարիքն ունեն»,- նշեց նա՝ կարևորելով հայաստանյան բիզնեսների կողմից սոցիալական պատասխանատվության ծրագրերի նախաձեռնումը:

Միջոցառման ընթացքում իրենց հաջողությունների և ձեռքբերումների մասին պատմություններով հանդես եկան հիմնադրամի շահառու գյուղերի երեխաները՝ իրենց ելույթներում խոսելով այն մասին, թե ինչ հնարավորություններ է բացել Հայաստանի մանուկներ հիմնադրամն իրենց առջև:

Նվիրատվությունների երեկոյի ընթացքում հիմնադրամի հյուրերն ու բարեկամները վայելեցին Վարդան Պետրոսյանի, Արթուր Իսպիրյանի, «Նյուանս» ջազ բենդի կատարումները:

Երեկոյի արդյունքում հավաքվեց 70 հազար դոլար: Ի դեպ, դեկտեմբերի 13-ին հիմնադրամի 9-րդ նվիրատվությունների երեկոն տեղի կունենա Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանում: